Թուրք-ադրբեջանական զորավարժությունները ազդակ են նաև Ռուսաստանի տարածաշրջանային նկրտումների դեմ

Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարսում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն կանցկացնեն, որին ներգրավելու են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:

Թուրքագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Կարսի զորավարժությունների հիմնական ուղերձն այն է, որ պատերազմից հետո էլ շարունակվում է թուրք-ադրբեջանական տանդեմը, և այնպես չէ, որ ռազմական համագործակցությունն ավարտվեց ղարաբաղյան պատերազմի այս փուլով: «Ըստ էության, սա ուղերձ է նաև Ռուսաստանին, որ Ադրբեջանի միակ ռազմական գործընկերը Թուրքիան է, և Ռուսաստանի նկրտումները տարածաշրջանի՝ Արցախի ու Նախիջևանի հետ կապված, պետք է ի չիք լինեն, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը չի կարող ունենալ այլընտրանք, և չի կարող Ռուսաստանը զբաղեցնել Թուրքիայի տեղը»,-ասաց փորձագետը:

Հովհաննիսյանը չի բացառում, որ զորավարժությունը սպասվող պատերազմի նախապատրաստություն է. «Պատերազմը իրականում չի ավարտվել տարածաշրջանում: Կարծում եմ՝ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով միանալու ճանապարհներ են փնտրելու: Նաև ցույց են տալիս, որ կարող են հարցը լուծել ռազմական ճանապարհով»:

Փորձագետը քիչ հավանական է համարում, որ Արցախի հետ կապված պատերազմ լինի, եթե անգամ Ռուսաստանն այս անգամ էլ համաձայնության գա Թուրքիայի հետ, ու Ադրբեջանը համաձայնի մտնել ԵԱՏՄ: «Դա ես բացառում եմ, որովհետև Ռուսաստանը շուրջ 30 տարի հետո հազիվ կարողացավ իր զորքերը բերել այդ տարածք և անգամ Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու դիմաց չի համաձայնի իր զորքերն այդտեղից հանել: Այդ գինը հաստատ Ռուսաստանը չի վճարի»,-վստահեցրեց Հովհաննիսյանը:

Թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը չի կարծում, որ Կարսի զորավարժությունները նաև Ռուսաստանի դեմ ուղղված ուժի ցուցադրություն են: «Այդ զորավարժությանը մի քանի տեսանկյունից պետք է նայել: Առաջին հերթին հաշվի առնել, որ սա Կարսում թուրք-ադրբեջանական նմանատիպ առաջին զորավարժությունը չէ: 2014-ից սկսած մի քանի անգամ Թուրքիան և Ադրբեջանը Կարսում համատեղ զորավարժություններ են անցկացրել: Այնպես որ հստակ հետևություն անել, թե այս անգամ ում դեմ է ուղղված, ինչ նպատակներ է հետապնդում, ճիշտ մոտեցում չէ: Չենք կարող նման եզրակացություն անել»,-նշեց նա:

Մյուս կողմից, ըստ թուրքագետի՝ հասկանալի է, որ թուրք-ադրբեջանական ցանկացած համագործակցություն առաջին հերթին ուղղված է Արցախի և Հայաստանի դեմ: «Ի վերջո, դա օգտագործվել է և օգտագործվելու է մեր դեմ: Ագրեսիվ հռետորաբանությունն ապացուցում է, որ մտադիր չեն գնալու մեղմացման և շարունակում են ագրեսիվ քաղաքականությունը»,-նշեց թուրքագետը՝ նկատելով, որ Ադրբեջանում Թուրքիայի ազդեցությունը մեծանում է, Ռուսաստանինը՝ փոքրանում: «Սակայն հիմքերը բավական քիչ են եզրակացնելու, որ զորավարժությունն ուղղված է Ռուսաստանի դեմ»,-եզրափակեց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: