6 ամիս ծառայելու դեպքում կանայք կստանան 1 000 000 պատվովճար

ՀՀ իգական սեռի քաղաքացիների համար կստեղծվի կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն։ Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերին:

Կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության անցնելու դեպքում կանայք 6 ամիս կծառայեն։ Դրանից հետո նրանց համար կսահմանվի պատվովճար՝ 1 մլն դրամի չափով: Նախատեսվում է սահմանել զորակոչի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելն

իգական սեռի քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու հնարավորությունը: Նախագծերի փաթեթով սահմանվում են կանանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

Հստակեցվում են նրանց կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմումների ներկայացման ժամկետները՝ այն տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով և ժամկետներում իրականացնել նրանց զինվորական հաշվառման, ներառյալ՝ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների և փորձաքննության գործընթացը:

Անդրադառնալով օրինագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուզում եմ ընդգծել, որ սա պրոֆեսիոնալ բանակ ունենալու մեր հայեցակարգի շրջանակում է: Կանայք կամավոր կերպով կարող են զորակոչվել և պարտադիր 6 ամիս ծառայություն անցնել, որը նորմալ ծառայություն է լինելու և ոչ թե զբոսանք զորամասում: Այդ վեց ամսվա ծառայության արդյունքում կլինեն

ծառայողներ, ովքեր կզորացրվեն և կվերադառնան քաղաքացիական կյանքի: Այդ մարդիկ կհամալրեն մեր երկրի զինված ուժերի պահեստազորը: Կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան անցնել պրոֆեսիոնալ ծառայության, նրանք էլ կհամալրեն մեր գործող բանակը և կանցնեն պայմանագրային զինծառայության: Խոսքը մարտական զինծառայության մասին է:

Նաև ուզում եմ ասել, որ պետք է փոխել այն ընկալումը, թե բանակում կանայք հիմնականում կամ մեծ մասամբ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են: Ո՛չ, կանայք պետք է դառնան լիարժեք զինվորական ծառայության մաս»: Ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, կիրարկումը կարող է տեղի ունենալ արդեն ձմեռային զորակոչի ժամանակ։

texekatu.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: