Օլիգարխներն այսօր շատ ավելի պաշտպանված են․ Այսպես շարունակելու դեպքում նախկին ռեժիմի կողից պետությանը հասցված ամենամեծ վնասը շարունակվելու է նաև ապագայում

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես շարունակելու դեպքում նախկին ռեժիմի կողից պետությանը հասցված ամենամեծ վնասը շարունակվելու է նաև ապագայում:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում դեռևս առկա խնդիրների հիմնական մասն ունի ինստիտուցիոնալ, համակարգային բնույթ։ Դա վերաբերելի է պետական ու հանրային կառավարման գրեթե բոլոր ոլորտներին ու ենթահամակարգերին։

Ասվածը, սակայն, ամենաարտահայտիչ կերպով դրսևորվում է տնտեսական կյանքում, որում անցած շուրջ երկու տարիների ընթացքում հիմնարար, համակարգային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։


Հայաստանի տնտեսության ողնաշարը շարունակում են մնալ օլիգարխները, որոնց գոյությունը, սակայն, իշխանությունը մի նախադասությամբ որակել է առ ոչինչ՝ եթե նրանք հարկեր են վճարում, ապա այլևս օլիգարխ չեն։

Իրականության մեջ, սակայն, օլիգարխիան կա, այն կազմում է մեր տնտեսության հիմքը։

Օլիգարխիան, բառի նեղ իմաստով, շարունակում է գոյություն ունենալ, քանի որ խոշոր գործարարներ վերանվանված նախկին օլիգարխները, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ազդեցություն ունեն հանրային կյանքի ու իշխանության առանձին թևերի, այդ թվում, ինչն ամենաբացասականն է, դատական իշխանության վրա։

Օլիգարխներն այսպիսով ազդում են որոշումների կայացման գործընթացի վրա, զանգվածային լրատվության միջոցների վրա ունեցած ազդեցության շնորհիվ որոշակիորեն ձևավորում են հանրային կարծիք, որում իրենք՝ օլիգարխները, արդեն ներկայանում են պակաս բացասական կերպարով, քան նախկինում։

Ավելին, որքան էլ տարօրինակ հնչի, օլիգարխներն այսօր շատ ավելի պաշտպանված են, քան նրանց ծնած նախորդ իշխանությունների ժամանակներում։

Օլիգարխներն այսօր վայելում են պետության ու իշխանության աջակցությունը, ստանում են ամենատարբեր արտոնություններ, իսկ իշխանությունն արդեն ապահովում է նաև նրանց հանրային դրական կերպարը՝ «խոշոր գործարար» բարձրագոչ արտահայտությամբ։

Արդյունքում մենք ունենք իրավիճակ, երբ գործառութային առումով օլիգարխիան կա այնպես, ինչպես նախկինում, սակայն նրա նկատմամբ պետության ու իշխանության վերաբերմունքի փոփոխության արդյունքում այն այլևս չի համարվում չարիք։

Այս իրավիճակը մեզ զգալիորեն հեռացրել է խնդրի ախտորոշումից, առանց որի անհնար է արդյունավետ պայքար մղել իրականում չարիք համարվող օլիգարխիայի դեմ։

Առանց ահա այդ ախտորոշման՝ օլիգարխիան շարունակելու է տնտեսական ու հանրային կյանքում իր քայքայիչ, ազատ մրցակցությունը ճնշող գործունեությունը՝ փակելով ոչ միայն երբևէ տնտեսական հեղափոխություն իրականացնելու, այլ անգամ սովորական, ոչ հեղափոխական, բայց նորմալ տնտեսական հարաբերություններ ունենալու հեռանկարը։

Օլիգարխիան չարիք է, այն ճնշում է տնտեսության ու պետության զարգացման և կայացման հիմքը հանդիսացող ազատ տնտեսական մրցակցությունը, հավասար հնարավորությունների իրացումը, օլիգարխիան այդ իմաստով հակապետական, հակահասարակական սուբստանցիա է։

Հետևաբար իշխանությունը տարբեր լիրիկական զեղումներով օլիգարխների հանրային ընկալումը փոխելու փորձերի փոխարեն՝ պետք է իրապես պայքար մղի նրանց դեմ՝ ճանապարհ հարթելով Հայաստանի տնտեսության համամասնությունների արմատական փոփոխության, նոր տնտեսական հարաբերությունների կերտման համար։

Հակառակ դեպքում նախկին իշխանությունների կողմից պետությանը հասցված ամենամեծ վնասը՝ օլիգարխների կայացումն ու գոյությունը, շարունակվելու է նաև ապագայում՝ Հայաստանը վերածելով մի քանի, լավագույն դեպքում՝ մի քանի տասնյակ ընտանիքների սեփականության»:

Facebook Comments

Понравилась статья? Поделиться с друзьями: