ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը պատրաստվում է պիկին. լույսը՝ թունելի վերջում

Հայաստանը պատրաստվում է կորոնավիրուսի համաճարակի պիկին, ինչն ակնհայտ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին կառավարության նիստում ունեցած ելույթից: Թեև այդ հանգամանքը նկատելի էր նաև ավելի վաղ որոշակի հաղորդագրություններից ու քայլերից: Մասնավորապես, մենակ համաճարակը սպասարկելու համար առանձնացվեց Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը, որը ամենամեծ բուժհաստատությունն է:

Համացանցում տարածվեցին նաև լուսանկարներ Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնից, որի մեծ նախասրահը համալրվել է մահճակալներով՝ հարկավոր մեկուսացման համար:

Դրան զուգահեռ նկատելի է, որ աճել է վարակի օրական վիճակագրությունը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ իրավիճակը կառավարելի է, սակայն քաղաքացիներին կոչ արեց չմատնվել «արխայինության»:

Պետք է արձանագրել, որ իրադրության կառավարելիության առումով վիճակագրությունը ճշգրիտ ցուցիչ չէ: Այսինքն՝ կառավարելիությունը կախված չէ հանգամանքից, թե որքան է վարակակիրների քանակը: Գլխավոր խնդիրը շղթաների վերահսկման արդյունավետությունն է, որն էլ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հավաստմամբ, փորձում են պահել:

Մի բան ակնառու է, որ անտեղի է որևիցէ համեմատություն այլ երկրների հետ՝ մի պարզ պատճառով. համեմատությունը միայն, այսպես ասած, թերթային է, իսկ թե կոնկրետ երկրում իրավիճակի պատկերի որ մասն է հայտնվում թերթերում ու ինչ մատուցմամբ՝ ասելը չափազանց դժվար է:

Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում.

Понравилась статья? Поделиться с друзьями: