Սերժ Սարգսյանը պատրաստ է. բեկումնային հանդիպում է սպասվում. Նրա կարծիքը չեն կիսում մյուսները «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, չի կայացել: Բանն այն է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացած էր:

Երեկ նոր հայտնի դարձավ, որ նրա տեստը արդեն բացասական է եղել: Ըստ մեր աղբյուրների՝ այդ «պատմական» հանդիպումը կկայանա այսօր կամ վաղը: Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հանդիպումը կարող է բեկումնային լինել, քանի որ պետք է կոնկրետ որոշումներ կայացվեն՝ ինչ է լինելու «Հայրենիքի փրկության շարժման» ճակատագիրը, եւ, ամենակարեւորը, արդյոք հնարավոր արտահերթ ընտրություններին պետք է ընդդիմությունը մասնակցի, թե ոչ:

Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանը հակված է ընտրությունները բոյկոտելու տարբերակին, իսկ մնացած ուժերը չեն կիսում նրա կարծիքը, ու պետք է հակաիշխանական ուժերը քննարկեն՝ ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին՝ առանձին, թե կոնսենսուս՝ հանած մեկ՝ Նիկոլ Փաշինյան:

Բացի այդ, քննարկվելու են նաեւ փետրվարի 18-ին ընդդիմության կողմից հրավիրված հանրահավաքի հետ կապված հարցերը, քանի որ դեռեւս վերջնական չէ, թե այն որտեղ է կայանալու, ինչ ձեւաչափով:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս թեմայի շուրջ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանից պարզել, թե արդյոք ընդդիմութայն լիդերների հանդիպման օրը որոշված է: Գալստյանն ասաց, որ նման հանդիպում կայանալու է, բայց դեռեւս հստակ չէ: Նկատենք, որ հայրենիքը փրկելու հայտ ներկայացրած 17 կուսակցությունների միավորումը վաղուց պառակտվել է, ու դժվար էր պատկերացնել, թե ինչպես էին նրանք այդ ռեսուրսներով եւ մտածողությամբ փրկելու մեր երկիրը»:

Понравилась статья? Поделиться с друзьями: