Ռուսաստանը պատրաստվում է վատագույնին. Պուտինն ուժեղացնում է իր թիկնազորը

Մարտի 17-ին միջազգային բորսայում Բրենտ տեսակի նավթի գինը կազմել է 28 դոլար, հասնելով 2016 թվականիցի վեր պատմական նվազագույնի: Դրա հետեւանքով շարունակվել է ռուբլու արժեզրկումը եւ 1 դոլարի համեմատ փոխարժեքը հասել է 79 ռուբլու…

Որքան կպահպանվի նավթի այդ գինը, դժվար է ասել, սակայն միտումն առայժմ այսպես ասած դեպի ներքեւ է, քան վերադարձ բարձր գնի: Իսկ դա էական հարված է ռուսական տնտեսությանն ու սոցիալական կայունության երաշխիքներին: Ի վերջո, այդ ամենում պետք է հաշվի առնել նաեւ կորոնավիրուսի տնտեսական ավերը…

Մարտի 17-ին ՌԴ Պետդուման ընդունել է օրենք, որով Պահպանության դաշնային ծառայությանը տրվում է անհրաժեշտության դեպքում ծանր տեխնիկա կիրառելու իրավունք…

Ըստ օրենքի, Պահպանության Դաշնային ծառայության աշխատակիցները անհատապես, կամ ջոկերի կազմում կարող են կիրառել ձեռքի տակ եղած պաշտպանության միջոցներ, այդ թվում տրանսպորտ: Ընդ որում, կիրառման հետեւանքի համար ծառայությունը՝ ըստ օրենքի, չի կրում պատասխանատվություն…

Օրենքի հեղինակները դրա ընդունումը պայմանավորել են իրավապահ այլ կառույցների մասին օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Բայց անհրաժեշտությունը Ռուսաստանում թերեւս այլ է…

Ռուսաստանը մտել է իշխանության խնդրի լուծման փուլ: Ընդ որում, այդ փուլ է մտել թե միջազգային, թե ներքին չափազանց վատ կոնյունկտուրայի պայմաններում: Այդ միջավայրում կառավարող համակարգի վերարտադրության խնդիրը դառնում է չափազանց ծանր…

Նախօրեին ՌԴ նախագահը ստորագրել է ապրիլի 22-ի սահմանադրական հանրաքվեի հրամանագիրը: Այդ նախաձեռնությունը գործնականում իշխանության խնդրի լուծման նախաձեռնություն է, որով Պուտինը փորձում է ապահովել հնարավորինս ճկուն միջավայր՝ անհրաժեշտ այս կամ այն սցենարն իրացնելու համար: Իշխանության հարցը ՌԴ-ում լուծվելու է տնտեսա-քաղաքական համակարգային «էլիտայի» որոշումով: Կարծիքը, թե որոշողը լինելու է Պուտինը, թյուր է…

Համակարգային «էլիտան» կորոշի, կապված այն հանգամանքի հետ, թե ո՞ր տարբերակը կերաշխավորի առավել ապահով եւ կայուն վերարտադրություն: Այստեղ առանցքային է լինելու միջազգային իրադրությունը եւ հատկապես ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքը…

Համընդհանուր միջավայրում եթե «էլիտան» որոշի, որ առավել ապահով եւ հուսալի տարբերակը Պուտինի մնալն է, անգամ եթե հարկ լինի դրա համար դիմել ուժի, ապա Պուտինին կպահեն: Եթե առավել լավ եւ հուսալի երաշխիքներ դիտվեն այլ տարբերակներ, ապա հազիվ թե Պուտինը կարողանա պահել իշխանությունը: Այդտեղ իհարկե ԱՄՆ աջակցությունը կլինի վճռորոշ…

Համենայն դեպս, Պուտինը կամ «էլիտան» պատրաստվում են վատթարին, ուժի հավելյալ հնարավորությամբ օժտելով Պահպանության պետական ծառայությանը, որը գործնականում նախագահի անվտանգության ծառայությունն է: Ընդ որում, բացառված չէ, որ այս դեպքում ուժը դիտարկվում է ոչ միայն հանրության հետ հնարավոր հակադրության, այլ գուցե նույն «էլիտայի» ներսում շահերի բախման համար…

Понравилась статья? Поделиться с друзьями: