Հերթը կհասնի՞ Մոնումենտի դղյակներիներին

Երկու տարի առաջ այս օրերին, երբ հեղափոխական զարգացումներն արդեն մեծ թափ էին հավաքել, հեղափոխության առաջնորդները բազմահազարանոց ցույցերի հարթակներից խոստանում էին, իշխանության գալու դեպքում, հետ բերել, իրենց բնորոշմամբ՝ նախկին ռեժիմի ներկայացուցիչների թալանած փողերը: Եվ ահա՝ իշխանափոխությունից երկու տարի անց Կառավարությունը հեղինակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծ, որով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նվազագույն շեմ է սահմանվում 50 մլն դրամը: Նախագծի նախնական տարբերակում շեմը 25 միլիոն դրամն էր, որը, ըննդիմադիրների քննադատության արդյունքում, բարձրացվեց: Այնուհանդերձ, խորհրդարանական ընդդիմությունն ու ոլորտի փորձագետները նախագծում

մի շարք թերություններ են արձանագրել: Մասնավորապես՝ արդյո՞ք հնարավոր կլինի ամբողջ գույքը հետ բերել և որքա՞ն է կազմում այն: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի փոխանցմամբ՝ գույքը ձեռք բերողի բարեխիղճ չլինելու հանգամանքն ապացուցելու բեռը կրում է պետությունը: Նախարարը, միաժամանակ, տեղեկացրեց, որ եթե ապօրինի գույքը նախկին սեփականատերը փոխանցել է երրորդ անձի, ապա նոր սեփականատերը գույքը հետ չի վերադարձնելու: «Անձինք, ում գույքն իրենց փոխանցվել է որպես ալիմենտ, կյանքին կամ առողջությանը հասցված վնասի հատուցում, ազատվել են ստացված գույքը վերադարձնելու պարտականությունից՝ անկախ գույքի ծագման մասին իմանալու հանգամանքից»,- նշում է նախարարը: Նախատեսվում է, որ օրենքով

ուսումնասիրվելու են գույքի ապօրինի ձեռքբերման՝ առավելագույնը 10 տարի նախորդող գործարքները, իսկ բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, կարող են գնալ մինչև 1991 թվական և հաջորդող ժամանակահատված: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ օրենքը չի աշխատելու: «Իշխանությունը կարևորագույն նախագծերը «կիսատ-պռատ է» ներկայացնում»,- ասում է Արման Բաբաջանյանը և թվարկում թալանված գույքը հետ բերելու օրենսդրական նախագծի բացերը: «Ես չեմ տեսնում այս օրենքի կիրառման հստակ ճանապարհային քարտեզը կամ ռազմավարական պլանը, որը մեզ հնարավորություն կտա պատկերացում կազմել այն մասին, թե ե՞րբ, որքա՞ն և ի՞նչ միջոցներ են պետությանը վերադարձվելու այս օրենքով: Ցավոք, մենք այս

օրենքով նախագծով բախվում ենք այն կիսատ-պռատությանը, ինչ ունենք վեթինգի պարագայում»,- ասաց Արման Բաբաջանյանը: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ևս «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծում մի շարք թերություններ է տեսնում: Փորձագետը հարց է ուղղում Կառավարությանը՝ ի՞նչ է անելու պետությունը, երբ ենթադրյալ թալանչին պահանջի ապացուցել, թե ինչով է իր գույքն անօրինական: «Պետք է ապացուցվի, որ տվյալ անձն այդ գույքը ձեռք է բերել և ինչ-որ կոռուպցիոն գործարքի միջոցով է այդ առանձնատունը կառուցել: Հարցնել՝ ձեզ որտեղի՞ց այդ գումարը և վերջ, կարող է խնդիր առաջանալ, քանի որ թղթերով ամեն ինչ կարող է օրինական լինի: Մյուս կողմից էլ՝ այդ անձը հարց

կբարձրաձայնի, թե ի՞նչ ապացույցներ ունեք, որ ես հանցավոր ճանապարհով եմ ձեռք բերել այդ գույքը: Եթե հարց կբարձրաձայնեն, ինչպե՞ս եք ապացուցելու, որ սա ապօրինի է: Կկարողանա՞ն մեր քննիչները դա ապացուցել: Հնարավոր է, որ կարողանան, բայց եթե ապացուցվում է, և այդ առանձնատները վերցնում ենք, ի՞նչ է լինելու: Վաճառվելո՞ւ է, գնորդ կլինի՞, ծերանո՞ց է դառնալու, թե՞ մանկատուն: Ի՞նչ է արվելու»,- ասաց նա: Փորձագետը նաև վիճահարույց է համարում օրենսդրական այն կետը, որ հիմնականում ուսումնասիրվելու է վերջին տասը տարվա ընթացքում ձեռք բերված գույքը: Նա նշում է՝ անարդար է 1990-ականներին ապօրինի հարստացածներին շրջանցելը՝ բավարար ապացույցներ չլինելու պատճառով. «Իսկ եթե չկան ապացույցներ, ուրեմն՝ վերջ, մոռանում ենք: Սա որքանո՞վ է արդար:

Մանարամասները՝ տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: