Հայտնի է, թե ով է ԱԱԾ-ում Սուրեն Պապիկյանի դատվածության մասին տվյալները փոխանցել. Նրա պաշտոնավարումը դադարեցվել է

Անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

ՀՔԾ-ից հայտնում են, որ ըստ առաջադրված մեղադրանքի` վերջինս առանց ծառայողական անհրաժեշտության, օրենքով սահմանված նպատակի եւ այլ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում, 2020 թվականի հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը:

Հիշյալ աշխատակիցը ԱԱԾ ստորաբաժանման պետի պահանջով ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացել եւ վերջինիս է փոխանցել Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի մանրամասն տեղեկություններ դատվածության, դատավճռով նշանակված պատժաչափի եւ այլ հանգամանքների վերաբերյալ:

Այդ կերպ ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել Սուրեն Պապիկյանի իրավունքներին եւ օրինական շահերին:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: