Կրկին կփրկվեն կյանքեր. անվանի սրտաբան Հրայր Հովակիմյանը Հայաստանում է

Մարդու սիրտը գերելը հեշտ է, փրկելը՝ աստվածային շնորհ: Այսպիսի շնորհով է օժտված հայ անվանի սրտաբան, կարդիովիրաբույժ, Նորք-Մարաշ ԲԿ-ի մանկական սրտավիրաբուժության բաժնի հիմնադիր, տասնյակ հազարավորների կյանք փրկած Հրայր Հովակիմյանը:

Araratnews.am-ին պարզ դարձավ, որ Հրայր Հովակիմյանը դարձյալ Հայաստանում է: Մոտավորապես 1,5 ամիս հայտնի սրտաբանը կլինի Հայաստանում, կկատարի սրտի մանկական դժվար վիրահատություններ, ինչպես նաև Նորք-Մարաշ ԲԿ-ում կմասնակցի բժշկական կոնֆերանսների:

Սիրիայում ծնված, Աերիկայի Միացյալ Նահանգներում կրթություն ստացած Հրայր Հովակիմյանն այն հայորդիներից է, որ 1993-ին՝ մեր երկրի եւ ժողովրդի համար դժվար տարիներին եկավ Հայաստան, հիմնեց մանկական, ապա 1996-ին նաեւ` մեծահասակների սրտային վիրաբուժության բաժինները։ 1994 թվականին վիրահատեց 1-ին հիվանդ երեխային:

Հենց Հրայր Հովակիմյանի պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության շնորհիվ է, որ այսօր աշխարհի զանազան մասերից Հայաստան են գալիս սրտի խնդիրներ ունեցող բազմաթիվ հիվանդներ` վիրահատության նպատակով:

Հրայր Հովակիմյանը ոչ միայն սրտի դժվար վիրահատություններ է արել, փրկել հազարավոր երեխաների, այլեւ սեփական փորձը այնպիսի նվիրումով է փոխանցել իր աշակերտներին՝ սկսնակ բժշիկներին, որ հետագայում նրանց է վստահել է իր սիրտը. այս անգամ վիրահատողը աշակերտներն էին:

Անմնացորդ նվիրվածությունն ու պատասխանատվությունը հիվանդի կյանքի յուրաքանչյուր վայրկյանի համար այնքան մեծ է, որ մի անգամ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալիս սրտաբանը օդանավակայանից անմիջապես գնացել էր Նորք-Մարաշի հիվանդանոց, երկու շաբաթում բուժել քսանութ երեխայի, ապա` հիվանդանոցից ուղիղ օդանավակայան. ժամանակը քիչ էր, ամեն ակնթարթը՝ թանկ:

Հրայրը (այսպես է ժողովուրդը սրտաբանին ներկայացնում) այնքան կապված է հայրենիքին, այնքան հաճախ է լինում Հայաստանում, որ գործընկերները նրա բացակայության ժամանակ կատակում են՝ Հրայր Հովակիմյանը ԱՄՆ-ում կարճատեւ արձակորդում է, թեեւ բժիշկն աշխատում է նաև Միացյալ Նահագներում:

Понравилась статья? Поделиться с друзьями: