«Կարծես վաղը միշտ մեր գրպանում է, երբ ուզենանք, բարի լույսը դուրս կբերենք». Արամի զորացրվելուն օրեր էին մնացել

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից մեկը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից 20-ամյա Արամ Մանուկյան է։ Արամի ծառայության ավարտին մնացել էր մի քանի օր:

20-ամյա տղային համաքաղաքացիները բնութագրում են որպես համեստ, բարի, խելացի երիտասարդի։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համաքաղաքացիներից մեկի խոսքով՝ Արամը ցանկանում էր ծառայությունից հետո վերադառնալ և շարունակել ուսումը՝ սովորել է Երևանի Եվրոպական համալսարանում։ «Ունի մեծ քույր։ Ապրում էր մայրիկի և քույրիկի հետ»,- ասաց նա:

Համացանցում նաև լայնորեն սկսել են շրջանառել որոշ ժամանակ առաջ Արամի «Ֆեյսբուք»-ի էջում արված գրառումը: Այն ներկայացնում ենք ստորև.

«Դե, հիմա հասկանո՞ւմ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։ Հիմա հասկանո՞ւմ ես, որ կարող ես էլ չհասցնել, կարող ես չերգել էլ խելագարի պես՝ ձայնը գլուխդ գցած…

Պետք է ամեն օրդ լիարժեք ապրես. գնաս տեսնելու նրանց, ում վաղուց որոշել, բայց միշտ սպասում ես վաղվան։ Գրիր ու գրկիր նրան, ում հույս ունես վաղը փողոցում պատահաբար հանդիպել։ Առանց վախենալու նայիր աչքերի մեջ ու որսա քաղցրությունը, ապրիր, լա՞վ…

Պիտի վախենանք՝ հետո նո՞ր սիրենք իրար, հա՞։ Դե, մենք էլի ժպտալու ենք, էլի մոռանալու ենք կարևորի մասին, էլի ապրելու ենք այնպես, կարծես թե վաղը միշտ մեր գրպանում է ու երբ ուզենանք բարի լույսը դուրս կբերենք ծալված մասերից,

մենք էլի կապրենք… երևի… Պիտի սիրենք իրար, շատ սիրենք, սիրենք այսօրվա ու վաղվա փոխարեն։ Օգնենք իրար հաղթահարել հոգին ավերող գիշերները, միասին լինենք, ապրենք միասին…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: