Ծննդկանի համար 20 կմ գնալը խնդիր չէ, Շիրակի ճանապարհներն էլ շատ լավն են. Գայանե Ավագյան

Մարալիկում չի եղել մանկաբարձական բաժանմունք, եղել է մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություն, որը որակյալ մատուցելու համար բուժկենտրոնը չի ունեցել անհրաժեշտ բոլոր սարքավորումները և մասնագիտական ներուժը. բուժկենտրոնի ղեկավարությունն արդեն գրավոր զգուշացված է, որ այլևս պետությունը չի գնելու մանկաբարձագինեկոլոգիական ծառայություն, քանի որ այդ պայմաններում այդ ծառայությունը մատուցելը մոր և մանկան առողջության տեսանկյունից մեծապես ռիսկային է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

«Վերջին տարիներին Մարալիկի բուժկենտրոնն ունենում է 106, 110 ծննդաբերություն, այսինքն՝ շաբաթը մեկ-երկու ծննդաբերություն: Չկա կադրային պահանջվող հագեցվածությունը, չկա վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, չկա անեստեզիոլոգ-րեանիմատոլոգ, նեոնատոլոգ, հետևաբար, թողնել մանկաբարձական մահճակալների հետագա ծավալումը վտանգ է ներկայացնում մայրացող կանանց և նորածինների համար:

Հայերը շատ իմաստուն ժողովուրդ էին, նրանք մայրացող կնոջն ասում էին՝ ազատվեց. չէին ասում՝ ծննդաբերեց: Աշխարհի ոչ մի բառարանում «ծննդաբերել»-ը «ազատվել» բառով չի փոխարինվում: Հայերենում փոխարինվում է, քանի որ հայերը գիտեին այն ռիսկերը, վտանգները, որ սպասվում է ծննդաբերության ժամանակ»,- ասաց Ավագյանը:

Եթե, օրինակ, ծննդաբերությունից հետո կնոջ ընկերքը չանջատվի, և շտապ պետք լինի արգանդի հեռացում, անեստեզիոլոգի և գինեկոլոգի բացակայության պայմաններում, ըստ նրա, հնարավոր է չկարողանան կնոջը փրկել: «Գյումրիի ծննդատանը, Արթիկում կփրկվի, Մարալիկում չի փրկվի: Հիմնական նպատակը մայրացող կանանց անվտանգության ապահովումն է»,- ասաց Ավագյանը:

«Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե եթե այսօր երիտասարդ բժիշկներ ցանկություն հայտնեն աշխատել Մարալիկում, պետությունը կաջակցի՞, թե այս որոշումը վերջնական է, Ավագյանն ասաց. «Սա որակի խնդիր է. հասկանո՞ւմ եք, կինը ունի տարբեր օրգաններ և այդ օրգանները կարող են լինել պրոցեսի մեջ: Եվ պետք է թերապևտ, էնդոկրինոլոգ, մեկ մասնագետով խնդիր չի լուծվի: Պետք է կենտրոնում գոնե չորս մանկաբարձ-գինեկոլոգ լինի: Բայց նաև, հնարավոր չէ չորս մանկաբարձ-գինեկոլոգ նստեցնել բուժկենտրոնում, որ ամիսը 20 հազար աշխատավարձ ստանան»:

Այն դիտարկմանը, որ նման բուժկենտրոններում աշխատողների համար պետության մոտեցումը կարող է տարբերակված լինել և աշխատավարձն էլ հաշվարկվի ոչ թե՝ ըստ մատուցված ծառայությունների, այլ՝ որևէ այլ բանաձևով, Ավագյանն ասաց. «Լավ, ավելացնենք, երկու, երեք, չորս անգամ, 80 հազարով բժիշկ կգնա՞ այնտեղ աշխատելու»: Նա հիշեցրեց, որ ծննդաբերական ծառայություն իրականացնող բուժկենտրոններում պետք է իրականացվի շուրջօրյա հերթապահություն, և մեկ բժիշկը տարին բոլոր շուրջօրյա աշխատել չի կարող:

Նախորդ տարի 106 ծննդկան օգտվել է Մարալիկի ծննդատնից, հնարավո՞ր չէ վերազինել կենտրոնն այնպես, որ ոչ ռիսկային վիճակում գտնվող ծննդկանները, նախապես տեղեկացված լինելով հավանական խնդիրների մասին, կարողանան ընտրել այս բուժհաստատությունը: Այս հարցին ի պատասխան Ավագյանը նշեց, որ նախարարությունն իրազեկման ծրագրեր է մշակում՝ իրենց մոտեցումների նպատակահարմարությունը հիմնավորելու համար. «Մենք նախատեսում ենք, որ նախարարությունը դա կանի Առողջապահության ազգային ինստիտուտի հետ: Գյուղ առ գյուղ կշրջենք, կխոսենք հղիների ու բուժաշխատողների հետ, կբացատրենք բոլոր վտանգները, որպեսզի կինը զգա այդ ամենը: Մենք կուժեղացնենք շտապօգնության ծառայությունը, որ կարողանան ճիշտ կողմնորոշվել և հղիին տեղափոխել ճիշտ հաստատություն»:

Արդա՞ր է նույն՝ «ծնունդների՝ 150-ին չհասնելու պարագայում ծառայությունը կասեցնելու» սկզբունքը կիրառել և՛ 5-10 ծնունդ ունեցող բուժկենտրոնների, և՛ 106-110 ծնունդ ունեցող Մարալիկի համար, ավելի հարմար չէ՞ր լինի գնալ սարքավորումներով վերազինման ճանապարհով: Ավագյանն ասաց, որ այս որոշումը կայացվել է բոլոր գործոնները հաշվի առնելու արդյունքում՝ հավելելով, որ «ողջամիտ» բուժկենտրոնները՝ Գառնիի, Դսեղի, Ջերմուկի, Մերձավանի, ինքնալուծարվել են՝ դադարել են մանկաբարձական բուժօգնություն ցուցաբերել: ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը հավելեց, որ Հայաստանում կան բուժհաստատություններ, օրինակ՝ Արագածավանի, Ծաղկահովիտի, Աչաջուրի կենտրոնները, որոնց մանկաբարձական ծառայությունները կասեցման եզրին են:

«Այս որոշման արդյունքում պետությունը ոչ մի կոպեկ փող չի խնայում: Ծնունդը որտեղ գնաց, նրա հետևից գնալու է գումարը: Եվ ի դեպ, այս տարվանից ծննդաբերության պայմանագրում գումար չի ֆիքսվելու, այն լինելու է բաց պայմանագիր, ինչքան կատարեցին, այնքան գումար են ստանալու»,- նշեց նա:

Վարդանյանը հավելեց, որ որպես պետական պատվերի գնորդ՝ այլևս այս ծառայությունը չեն գնելու, սակայն կենտրոններին արգելված չէ մատուցել այն վճարովի հիմունքներով. ուղղակի որակի երաշխավորն այլևս պետությունը չէ: «Իսկ որակը մեզ համար առաջինն է. այսօր առողջապահության համակարգում որակի լուրջ խնդիր ունենք: Այլ երկրներում բուժկենտրոնները հյուրանոցների պես «աստղեր» են ստանում: Մեզ մոտ վճարովի ծառայությունների որակը չի կարգավորվում: Մեր ձեռնարկած միջոցները դեռ շատ նախնական քայլերն են»,- նշեց նա:

Այն հարցին, որ հղիության վերջին ամսվա ընթացքում մի քանի անգամ կարող են լինել կեղծ կծկանքներ, և 20-30 կմ ճանապարհը հղին-ծննդկանը ստիպված լինի անցնել մի քանի անգամ՝ եղանակային բավական բարդ պայմաններում, ճանապարհների վատ վիճակում, երբ հղիության վերջին շրջանում գտնվողի համար մեքենայի ամեն փոքրիկ երերումը ցավոտ, անտանելի կարող է լինել, Ավագյանը պատասխանեց. «Դա խնդիր չէ: Այդ ճանապարհները շատ լավն են այսօր էլ, և իդեալական լավն են դառնալու»: Նա հիշեցրեց, որ Էստոնիայում մեկ բուժկենտրոնը սպասարկում է 200 կմ շրջագծի մեջ առկա բոլոր բնակավայրերը. «Մենք ի՞նչ ենք ուզում, որ բոլոր շենքերում ունենանք ծննդաբերական բաժանմունք, որ կինը ոչ մի տեղ չգնա՞»:

Բուժկենտրոն հասնել-չհասցնելու վտանգ ևս չի տեսնում Գայանե Ավագյանը. «40 հազարից մեկ-երկուսի մոտ կարող է լինել, ասենք, 1-2 ժամում: Ծննդաբերությունը տևում է նվազագույնը 12 ժամ՝ կանոնավոր կծկանքից մինչև ծննդաբերելը: 12 ժամում կարելի է հասնել նույնիսկ Թբիլիսի»:

Понравилась статья? Поделиться с друзьями: