Խն դր անք Պուտինին, ակնարկ Ռոբերտ Քոչարյանին։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը

Օրերս հեռարձակված իր հերթական հարցազրույցում անդրադառնալով 2018 թվականի ապրիլի իրադարձություններին ու հետագա զարգացումներին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իհարկե բացահայտ թիրախավորելով Նիկոլ Փաշինյանին, դրան զուգահեռ բավականին թափանցիկ ակնարկներով անուղղակի, սակայն խիստ նկատելի թիրախավորում էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Օրինակ, որքան խոսուն էր նրան ուղղված հարցը՝ Պուտինից իշխանություն խնդրելու մասին, և պատասխանը, որ Պուտինից պատրաստ է շատ բան

խնդրել Հայաստանի համար, և խնդրել է՝ նախագահ եղած ժամանակ, սակայն խնդրել իշխանությունը պահելու կամ իշխանության գալու հարցում, դա իրենը չէ, ինքը չի անի այդպիսի բան, քանի որ դա արժանապատիվ չէ: Թերևս ավելորդ է մեկնաբանել, թե ինչ ասոցիացիա է առաջացնում հարցն ու պատասխանը, եթե նկատի առնենք այն, թե Պուտինի հանգամանքը ինչ աստիճանի ինտենսիվությամբ է իր քաղաքական «քսակում» թափահարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գործնականում թավշյա հեղափոխությունից ի վեր, և ավելի ու ավելի ինտենսիվ:

Հարցազրույցում կան իհարկե դարձյալ բավականին հնչեղ օրինակներ, թե ինչպես է երրորդ նախագահը նուրբ ակնարկներով թիրախավորում երկրորդին: Խոշոր հաշվով, Սերժ Սարգսյանի հարցազրույցը ոչ միայն վերստին վկայեց, այլ ընդգծեց նաև, որ ժամանակի ընթացքում ավելի է սրվելու պայքարը նրա և Ռոբերտ Քոչարյանի միջև՝ նախկին կառավարող համակարգը տնօրինելու, ըստ այդմ այդ համակարգի հետագա վարքագիծը կառավարելու համար:

Այդ պայքարը թերևս շարունակվելու է նաև հունիսի 20-ից հետո, անկախ, թե ինչպիսի արդյունքով կավարտվի ընտրությունը և ինչ ցուցանիշ կարձանագրեն ըստ էության նույն ընտրազանգվածի համար պայքարող Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորած դաշինքները, անկախ, թե նրանցից ով կհայտնվի խորհրդարանում: Հավանականությունը, որ կհայտնվեն երկուսն էլ, թերևս բացառելի չէ, սակայն բավականին փոքր է: Ավելի հավանական է, որ երկուսն էլ չհայտնվեն, թեև այստեղ իհարկե երկրորդական գործոն չի լինելու հենց այն, թե ով ինչ է խնդրում Պուտինից:

Չի բացառվում անգամ, որ Սերժ Սարգսյանը ակնարկում էր, որ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանում կարող է հայտնվել միայն Պուտինի շնորհիվ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը թերևս փորձ է անում այդպիսով նաև ապահովագրվել այն պարագայի համար, երբ Ռոբերտ Քոչարյանին հաջողվի հայտնվել խորհրդարանում, իսկ իրեն՝ ոչ: Այդ դեպքում բնականաբար առաջանալու է թիմը պահելու խնդիր, հետևաբար նաև արդյունքի համար բացատրության հարց:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: