Ի՞նչ անել, եթե ունեք շաքարային դիաբետ և ինչպես խուսափել դրանից

ArmDaily.am-ը շարունակում է «Ապրիր առողջ» շարքը, որտեղ ներկայացնում ենք, թե ինչպես լինել առողջ, կանխել և բուժել տարբեր հիվանդություններ:

Այս շաբաթ մենք անդրադարձել ենք շաքարային դիաբետին:

Շաքարային դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որով տառապում է երկրագնդի բնակչության ավելի քան 8,5 տոկոսը: Հիվանդությունը զարգանում է այն դեպքերում, երբ ենթաստամոքսային գեղձը բավականաչափ ինսուլին չի արտադրում, կամ երբ օրգանիզմը չի կարողանում արդյունավետորեն օգտագործել արտադրված ինսուլինը՝ հորմոն, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի պարունակության մակարդակը: Դիաբետը 2 տեսակ ունի՝ 1-ին եւ 2-րդ տիպի:

1-ին տիպի շաքարային դիաբետ

1-ին տիպի շաքարային դիաբետը աուտոիմունային հիվանդություն է, որն ուղեկցվում է ինսուլինի բացարձակ անբավարարությամբ: 1-ին տիպի դիաբետի կլինիկական ախտանիշներն ավելի վաղ են արտահայտվում, քան 2-րդ տիպի դիաբետի: Այն կարող է ախտորոշվել ծնվելուց հետո մի քանի ամսականից մինչեւ 25 տարեկան:

1-ին տիպի դիաբետի ախտանիշները

  • Քաշի նվազում
  • Ցավ որովայնում
  • Կետոացիդոտիկ կոմա:

1-ին տիպի դիաբետի ախտորոշումը

Արյան մեջ գլյուկոզայի ու ինսուլինի մակարդակը եւ մեզում գլյուկոզայի մակարդակը որոշվում է լաբորատոր հետազոտությամբ: Օժանդակ թեստ է համարվում, այսպես կոչված, գլիկոզիլացված հեմոգլոբինը: Այն ցույց է տալիս վերջին 3 ամիսներին գլյուկոզայի միջինացված ցուցանիշը, եւ այս ցուցանիշում 50 տոկոսը վերջին ամսվա տվյալներն են: Սա կիրառվում է թե՛ ախտորոշման, թե՛ դիաբետի բուժման ժամանակ կիրառվող բուժական միջոցառումների արդյունավետության մոնիթորինգի համար: Այսինքն՝ հասկանալու համար, թե դիաբետը որքանով է կոմպենսացված:

1-ին տիպի դիաբետի բուժումը

Միակ բուժումը ինսուլինաթերապիան է, որը պետք է կիրառվի ամբողջ կյանքում, դրա դոզաները որոշվում են ըստ հացի միավորների, որոնք ցույց են տալիս սննդամթերքում ածխաջրերի քանակությունը:

Վտանգավոր բարդությունները

Սուր բարդություններ՝ պայմանավորված ինսուլինի սխալ դոզավորմամբ: Գերդոզավորման դեպքում կարող է առաջանալ հիպոգլիկեմիկ կոմա, իսկ ցածր դոզավորման դեպքում՝ հիպերգլիկեմիկ կոմա:

Քրոնիկական բարդություններ՝ դիաբետիկ ռետինոպատիա, դիաբետիկ նեֆրոպատիա, դիաբետիկ նեյրոպատիա, դիաբետիկ անգիոպատիա: Դրանք առաջանում են դիաբետի անբավարար կոմպենսացման դեպքում:

2-րդ տիպի շաքարային դիաբետ

Ի տարբերություն 1-ին տիպի դիաբետի՝ սա ձեռքբերովի հիվանդություն է, որը սկզբնական փուլերում ընթանում է առանց ախտանիշների եւ կարող է ախտորոշվել պատահաբար՝ հերթական կանխարգելիչ հետազոտության ժամանակ: Հիվանդության ախտորոշման եւ մոնիթորինգի մեթոդները նույնն են, ինչ 1-ին տիպի դիաբետի դեպքում: 2-րդ տիպի շաքարային դիաբետը համարվում է ապրելակերպի հիվանդություն՝ հիվանդության վտանգի գործոններն են ավելորդ քաշն ու ճարպակալումը, նստակյաց կենսակերպը:

Բուժումը

Ի տարբերություն 1-ին տիպի դիաբետի՝ եթե ինսուլինակախվածություն չկա, նշանակվում են հիպոգլիկեմիկ դեղամիջոցներ՝ համապատասխան չափաքանակով ընդունման համար:

Բարդությունները

2-րդ տիպի դիաբետը նույնպես իր բարդություններով վտանգավոր է՝ այն ազդում է աչքերի, երիկամների եւ սիրտ-անոթային համակարգի վրա: Եթե հիվանդն ունի ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, օրինակ՝ սիրտ-անոթային համակարգի, ապա անհրաժեշտ է դիաբետը կատարելապես կոմպենսացնել, որպեսզի այն չբերի քրոնիկական հվանդությունների բարդությունների:

Երբ մարդը կարող է կասկածել, որ շաքարային դիեբետ ունի

Պացիենտները շատ հաճախ, շաքարային դիաբետի զարգացման սկզբնական շրջանում ոչ մի գանգատ էլ չեն նշում և երբեմն թուլության զգացումը, բերանի չորությունը, հաճախամիզությունը, չափից շատ հեղուկներ օգտագործելը, շատ ուտելը, հոգնածությունը ընդունում են իբրև նորմա։ Սա վերաբերվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետին: Ինչ վերաբերվում է 1-ին տիպի շաքարային դիաբետին՝ այն չի կարող գաղտնի մնալ, քանի որ զարգանում է ինսուլինի բացարձակ անբավարարություն և պացիենտները (հիմնականում երեխաներն են) դիմում են հիվանդանոց կոմատոզ կամ պրեկոմատոզ վիճակում։

Բուժելի՞ է, թե՞ դառնում է ապրելակերպ

Բուժումը սպորտն է և բալանսավորված սնունդն, այսինքն առողջ ապրելակերպը։ 2-րդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ այդ ամենը համատեղում են շաքարիջեցնող դեղորայքի հետ, իսկ 1-ին տիպի շաքարային դիաբետի դեպքում՝ ինսուլինը սպորտի և հացային միավորներով հաշվարկված բալասավորված սնունդի հետ միասին։ Ընդհանրապես բալանսավորված սնունդն ու սպորտը պետք է դառնան ապրելակերպ, և ոչ միայն դիաբետով հիվանդների շրջանում, այլ բոլոր մարդկանց, ով ուզում է պահպանել իր առողջությունը։

Շաքարային դիաբետը ժառանգական հիվանդություն է, թե՞ ոչ

Բժիշկները նշում են, որ ժառանգական գործոնը դեր ունի: Եթե հայրը կամ մայրն հիվանդ են, ապա երեխայի հիվանդանալու հավանականությունը մեծանում է, հատկապես, եթե հայրն է հիվանդ, իսկ եթե երկու ծնողն էլ հիվանդ են, ապա տոկոսը, որ երեխան կունենա շաքարային դիաբետ, առավել մեծ է:

Եթե ընտանիքում կան դիաբետով հիվանդներ, ապա հարկ է լինել հետևողական ճարպակալման խնդրում, հնարավորինս խուսափել սթրեսներից, վարակային հիվանդություններով հիվանդացությունից: Շաքարային դիաբետի եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ տիպերը վտանգավոր են: Առաջին տիպը զարգանում է հատկապես երիտասարդ տարիքում՝ մինչեւ 30-35 տարեկան: Հարկ է նաև նշել, որ ցանկացած տարիքում շաքարային դիաբետը վտանգավոր հիվանդություն է:

Առաջին տիպի դեպքում շաքարային դիաբետի բարդությունները կարող են զարգանալ ավելի ուշ, ժամանակի ընթացքում: Ծերերի մոտ, երկրորդ տիպի շաքարային դիաբետի առկայության դեպքում, մեծ է սրտանոթային խնդիրներ առաջանալու ռիսկը:

Понравилась статья? Поделиться с друзьями: