«Երիտասարդությանս գաղտնիքն այն է, որ կողքիս գեղեցիկ կին կա»․ Նարեկ Հայկազյան

Դերասան Նարեկ Հայկազյանը դարձել է 37 տարեկան։ Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է նշել օրը, ինչ անակնկալներ է ունեցել, խոսել է նպատակների և իր տարիքից երիտասարդ երևալու մասին։

Նարեկի խոսքով՝ կեսգիշերին կինը՝ Ծովինարը, տորթով, նվերով անակնկալ է մատուցել որդիների հետ։ «Մեր տանն ընդունված ավանդույթ է, որ բոլորս առանձին նվերներ ենք միմյանց մատուցում։ Արդեն առավոտյան անակնկալ մատուցեցին թատրոնում, կրկին տորթով շնորհավորեցին։ Հետո եկա տուն ու տեսա, որ ընկերներս հյուր են եկել, այդպես մի փոքր նշեցինք, բայց հատուկ ոչինչ չենք արել։ 7 թիվը շատ եմ սիրում և նախորդ տարի ծրագրում էի, որ այս տարի խնջույք եմ կազմակերպելու, բայց դրա ցանկությունը չունեցա։ Հիմա սիրտ չունեի, որ մեծ խնջույք կազմակերպեի, ինքս էլ զոհված ընկերներ, ընկերների որդիներ ունեմ»,- պատմեց նա։

Ըստ դերասանի՝ նպատաակասլաց մարդ է ու միշտ որոշում է, թե ինչ պետք է անի տանը, դրսում, աշխատավայրում, տեղում դոփել չի սիրում։

«Շատ անելիքներ ունեմ թատրոնում, նոր ներկայացումներ ենք պատրաստում, ամեն ինչ լավ է։ Իմ նպատակները դժվարությամբ են կատարվում, բայց դրանք կայուն են։ Սիրում եմ հենց դեպի նպատակ տանող ճանապարհը այդ բոլոր բարդություններով։ Առանց դրանց հնարավոր չէ, ինչ հեշտ է տրվում, հեշտ էլ վերցվում է։ Այդ բարդություններից չեմ կոտրվում, ուժեղ մարդ եմ, փորձություններից երբեք չեմ խուսափել։ Իմ կյանքի ճանապարհների մեծ մասը բարդ են եղել, բայց հաղթահարել եմ, որովհետև քրիստոնյա եմ, զգացողություն եմ ունեցել, որ Աստված կողքիս է»,- նշեց նա։

Նարեկն ընդգծեց, որ ծննդյան օրը մի փոքր տխրում է, ինչը կապված է մեծանալու հետ։ «Անկախ քեզնից ներսումդ մի փոքր վախ է առաջանում։ Հասկանում եմ, որ տարիներն անցնում են՝ չնայած ամեն տարիք իր գեղեցկությունն ունի։ Ոչ ոք չի գուշակում, որ 37 տարեկան եմ, իսկ հոգով ինձ 20 տարեկան եմ զգում։ Երիտասարդությանս գաղտնիքն այն է, որ կողքիս գեղեցիկ կին կա։ Իմ ամենամեծ ձեռքբերումը հենց կինս ու երեխաներս են, ինձ երջանիկ եմ զգում»,- ասաց նա։

Դերասանը նշեց, որ որդիներն արդեն մեծ են, ավագ որդին 14 տարեկան է։ «Նրա հետ ընկերներ ենք, նստում ենք, զրուցում, նրա կարծիքն ինձ համար շատ կարևոր է։ Արդեն կողմնորոշվել է մասնագիտության ընտրության հարցում, ցանկանում է բիզնեսի գծով շարունակել, նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։ Հարգում եմ նրա որոշումը, չեմ խառնվում, ինքը պետք է որոշի իր մասնագիտությունը։ Եթե իմ ուղին շարունակեր, իր համար ավելի հեշտ կլիներ, որովհետև իրեն շատ հարցերում կօգնեի, բայց իր ընտրությունն է։ Փոքր որդիս 7 տարեկան է, դեռ փոքր է ինչ-որ բան ընտրելու համար»,- եզրափակեց նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: