Ես հայտարարելու եմ իմ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին, ինչը ենթադրում է քաղաքական ուժի ստեղծում եւ գրանցում, որն առաջիկայում պատրաստվում եմ իրականացնել

Երեկ Արթուր Վանեցյանը հանդիպեց մի խումբ խմբագիրների հետ եւ պատասխանեց նրանց հարցերին։ Զրույցը երկար է տեւել, ուստի ներկայացնում ենք դրա մի մասը։

Հանդիպման ֆորմատը

«Ինչու եմ ընտրել տպագիր մամուլը․․․ թերթը ստեղծում է այն բովանդակությունը, որը հիմնականում հասարակության համար դառնում է ճիշտ տեղեկատվության աղբյուր։ Դա է պատճառը, որ ես այսօր այս ֆորմատով եմ որոշել հանդիպում ունենալ՝ որպես ԱԱԾ նախկին տնօրեն եւ ապագայում քաղաքականությամբ զբաղվող մարդ։ Նաեւ այս քայլով ես ուզում եմ իմ աջակցությունն ու զորակցությունը ցույց տալ տպագիր մամուլին, քանի որ տպագիր մամուլը մնում է մեր առանցքային եւ ավանդական լրատվական միջոցներից մեկը»։

Ինչ է արել եվ ինչ է անելու առաջիկայում

«Մոտ մեկուկես ամիս առաջ գրանցել եմ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը։ Հիմնական նպատակն այն է, որ ես շատ կարեւորում եմ քաղհասարակության դերը մեր երկրում, եւ այն պետությունները, որոնք որդեգրել են ժողովրդավարությունը, պետք է ունենան շատ զարգացած եւ ուժեղ քաղհասարակություն։ Ինչ-ինչ պատճառներով՝ նախկինում պետությունը մեծ ուշադրություն չի դարձրել քաղհասարակության զարգացմանը, այդ իսկ պատճառով այդ դաշտը գրավել են հասարակական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են դրսից։

Հեղափոխությունից հետո այդ ՀԿ-ների ներկայացուցիչները տեղավորվեցին իշխանության մեջ, եւ ես որոշեցի ստեղծել «Հայրենիք» զարգացման հիմնադրամը ու աջակցել քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալող մեր հայրենակիցներին։ Տարբերությունն այն է, որ մեր կողմից ֆինանսավորում ստացող ՀԿ-ները կամ ԶԼՄ-ներն առաջ կմղեն ոչ թե օտարերկրյա, այլ հայկական օրակարգ։ Հիմնադրամի ստեղծումից հետո ես հանդիպել եմ Հայաստանում եւ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ, պատմել եմ հիմնադրամի նպատակների մասին եւ նրանցից ստացել եմ հավաստիացումներ, որ կաջակցեն որոշակի ֆինանսական միջոցներով։

Ես հայտարարելու եմ իմ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին, ինչը ենթադրում է քաղաքական ուժի ստեղծում եւ գրանցում, որն առաջիկայում պատրաստվում եմ իրականացնել։ Առաջիկայում կհիմնադրվի նոր քաղաքական ուժ, արդեն իսկ իրականացվում են քաղաքական կոնսուլտացիաներ, եւ շատ մոտ ժամանակներս կհայտարարենք մեր կուսակցության գրանցման մասին։ Ես շատ լավ գիտեմ այն մտահոգությունները, որոնք կիսում են մեր քաղաքացիները բակերում, աշխատավայրերում, իրենց ընկերական հանդիպումների ժամանակ։ Դրանք համատարած են։ Մենք կփորձենք համախմբել, միավորել հասարակության այն լայն զանգվածին, որը չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, ում հույսերը չեն արդարացվել։ Նրանք այն մարդիկ են, որոնք չեն ուզում վերադարձ անցյալին։ Հայաստանում մի երեւույթ է ի հայտ եկել, որը կոչվում է հասարակությանը սեւի ու սպիտակի բաժանել։ Ես կարծում եմ՝ դա կեղծ օրակարգ է, որը բերվել է դաշտ, քաղաքական օրակարգ, որ գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, անցյալին վերադարձ երբեք չի լինելու։ Ես այն մարդն եմ, որը պայքարելու է, որ հանկարծ վերադարձ չլինի անցյալին, բայց ես նաեւ այն մարդն եմ, որը դեմ է հասարակության բաժանումներին եւ այդ կեղծ օրակարգին, որ կան սեւեր, եւ կան սպիտակներ։ Նման բան չկա, մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք»։

Ինչ է կատարվում երկրում

«Բոլոր այն մարդիկ, որոնք կարողանում են մի քանի քայլ առաջ տեսնել եւ հաշվարկել, շատ լավ հասկանում են, թե ինչ է այսօր կատարվում մեր երկրում, եւ լռել այդ ամենի մասին, չբարձրաձայնել՝ կլիներ շատ սխալ, հատկապես մի մարդու կողմից, որը տարիուկես զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը եւ վերջին 20 տարին աշխատել է ԱԱԾ-ում։ Ստացվող տեղեկությունների վերլուծությունն ինձ հիմք է տվել ենթադրել, որ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում այսօր Հայաստանում, որոնց սկիզբը դրվել է 5-6 ամիս առաջ, ես կանխատեսել էի։ Այն վտանգները, որոնք ես տեսել եմ այն ժամանակ, այսօր կամաց-կամաց ի հայտ են գալիս։ Որպես օրինակ՝ կարող ենք բերել եվրոպական կառույցների վերջին 2 կոշտ գնահատականները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որն անվտանգության տեսակետից շատ մեծ խնդիր էր մեզ համար, որովհետեւ դա մեր երկրի միջազգային վարկանիշին է վերաբերում։ Աշխարհի ցանկացած կետում մարդիկ եթե հետեւեն Հայաստանի լրահոսին, կտեսնեն այնպիսի վերնագրեր, այնպիսի վերլուծություններ, որոնք ուղղակի ապշեցնող են»։

Տեղեկատվական արշավ Վանեցյանի դեմ

«Ինձ հունից հանելը շատ դժվար է, գրեթե անհնար։ Կարող եմ ֆիքսել մի բան․ վերջին շրջանում իմ դեմ տարվող տեղեկատվական արշավը շատ վաղուց էր պլանավորված եւ դերաբաշխված, դեռեւս այն ժամանակ, երբ ես ԱԱԾ տնօրեն էի։ Եթե կհիշեք՝ իմ պաշտոնավարման վերջին ամիսներին տարբեր տեղերից ուղղորդված սկսեցին իմ մասին գրել կեղծ, ստահոդ հոդվածներ։ Որպես օրինակ՝ կարող եմ բերել վերջին շրջանի հրապարակումներն իմ մասին, որոնցից որեւէ մեկը չհաստատվեց, որովհետեւ ամբողջությամբ սուտ էին։ Հասանք նրան, որ ինձ մեղադրեցին պետական հեղաշրջում անելու մեջ։ Դա նույնպես տեղավորվում է այդ տեղեկատվական արշավի շրջանակներում։ Հայտնի թերթն իմ մասին գրում է մի հոդված, որտեղ ինձ մեղադրում են պետական հեղաշրջման մեջ։ Ես, իհարկե, արձագանքում եմ, հերքում եմ։

Դուրս է գալիս բարձրաստիճան պետական պաշտոնյա, անվտանգության խորհրդի քարտուղար, պատգամավոր եւ այլն, եւ պնդում են, որ նման փորձ է եղել, որ ես մասնակից եմ եղել պետական հեղաշրջման փորձի։ Այնուհետեւ ստանում ենք ԱԱԾ պաշտոնական պարզաբանումը, որ նման փորձ չի եղել։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք այդպես չենք ասել, մենք ասել ենք, որ դա հիբրիդային հեղաշրջում է։ Պետական հեղաշրջման փորձ իրականացնող մարդը պետք է նստած լիներ համապատասխան վայրում։ Ցանկացած մարդ, որը կփորձի իրականացնել պետական հեղաշրջում կամ կփորձի հակասահմանադրական մեթոդներով տիրանալ իշխանությանը, պիտի դատապարտվի եւ կրի իր պատիժը»։

Դուք հայտնի դարձաք Նիկոլ Փաշինյանի շնորհիվ

«Իմ աշխատանքը վերջին տարիներին չի ենթադրել հանրային գործունեություն, դա է պատճառը, որ ես հանրային ճանաչում չեմ ունեցել եւ կարող եմ ասել, որ, բացի Նիկոլ Փաշինյանից, այն մարդիկ, որոնք այսօր եկել են իշխանության, նրանց գրեթե 98 տոկոսը հանրային ճանաչում չի ունեցել։ Իշխանության գալուց հետո յուրաքանչյուրն իր աշխատանքով կարողացավ իր տեղը զբաղեցնել այս հասարակության մեջ, եւ այն տեղը, որը զբաղեցվեց ԱԱԾ-ի եւ անձամբ իմ կողմից․․․ դուք բոլորդ ականատես եք եղել, թե ինչ ահռելի վստահություն է ձեռք բերել ԱԱԾ-ն, թե ինչ վերաբերմունքի եմ արժանացել ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, մեր հասարակության կողմից»։

Բարոյակա՞ն էր արդյոք Ձեր հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի հանդեպ

Բարոյական չէր լինի այն, որ ես, կոնֆորմիզմից ելնելով, շարունակեի զբաղեցնել իմ պաշտոնը եւ չբարձրաձայնեի վտանգների մասին։ Իմ եւ Նիկոլ Փաշինյանի մեջ եղել են տարաձայնություններ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ իմ հրաժարականի տեքստում։ Տարաձայնությունները հիմնականում եղել են քաղաքացու, հասարակության եւ պետության ընկալումների մեջ։ Եթե կուզեք՝ մեր տարաձայնությունները եղել են առհասարակ կյանքի ընկալման եւ վերաբերմունքի մեջ։ Ես Նիկոլ Փաշինյանին հրաժարականիցս առաջ եւ հրաժարականիցս հետո ոչինչ պարտք չեմ։ Ես կատարել եմ իմ աշխատանքը, արել եմ ամեն ինչ, որպեսզի հեղափոխության արդյունքում տրված խոստումները մեր հասարակությանը՝ իրականանան։ Ես չեմ ափսոսում իմ հրաժարականի համար, ես ափսոսում եմ միայն նրա համար, որ մենք չենք կարողացել արդարացնել այն բազմահազար մարդկանց հույսերը, սպասումները, այլ ընդհակառակը՝ եղել են շատ մեծ հիասթափության առիթներ»։

Չե՞ք վախենում «դավաճան» կոչվելու պիտակից

«Դավաճան կոչվելուց թող վախենան նրանք, ովքեր դավաճանեցին հեղափոխության գաղափարները։ Նրանք, ովքեր իրենց անձնական շահը բարձր դասեցին հանրության շահից, նրանք, ովքեր կարճ ժամանակ հետո սթափվելու են եւ ասելու են, որ չեն հասկացել, թե ինչ են անում։ Անուններ այսօր ես չեմ տա, բայց խոսքը վերաբերում է այն շրջանակին, որն այսօր իշխանության մեջ է»։

Տուշոնկա շոուի և Ռոբերտ Քոչարյանի գործերը

«Ես չեմ կիսում ձեր գնահատականը, որ «տուշոնկա շոուն» կազմակերպված էր։ ԱԱԾ-ն իրականացրել է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ բացահայտել է կոնկրետ հանցագործություններ։ Թե հետագայում ինչ գնահատականներ տրվեցին այդ ամենին, ես չեմ դրա պատասխանատուն, բայց այն, ինչ ներկայացվել է ԱԱԾ-ի կողմից տարածված տեսանյութի մեջ, ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը։ Քննությունն արդեն իրականացվել է ՀՔԾ-ում, նախաքննության հետ ԱԱԾ-ն որեւէ առնչություն չի ունեցել, եւ եթե կան որոշակի հարցեր, դժգոհություններ, ապա պետք է դիմել նախաքննությունն իրականացնող մարմնին։ Բացի այդ, այսօր ընթանում է դատաքննություն, եւ բոլոր ապացույցներն ի վերջո հանրությանը դառնալու են հասանելի։

Ինչ վերաբերում է Քոչարյանի գործին, ես դա չէի կոչի Ռոբերտ Քոչարյանի գործ, Մարտի 1-ի գործի բացահայտման մասին է խոսքը, բայց «Մարտի 1-ի գործ» ասելիս։ Ես հասկանում եմ, որ առաջնահերթությունը պետք է տրվեր այն 10 զոհված մարդկանց սպանությունների բացահայտմանը։ Հարց է առաջանում՝ այսօրվա քննությունն արդյոք նպաստո՞ւմ է այդ 10 զոհերի սպանության բացահայտմանը, ես կարծում եմ՝ ոչ։ Ինչ վերաբերում է Քոչարյանին․ ես գիտեմ, որ այս հայտարարությունից հետո լինելու են տարբեր մեկնաբանություններ, բայց ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ, նա երբեւիցե որեւէ իր քայլով ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից։ Ես կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա կնպաստեր, որ հանրության շրջանում լարվածությունը թուլանար, եւ կնպաստեր գործի լիարժեք քննությանն ու բացահայտմանը։ Բոլորս ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը բացահայտվի, ես չեմ կարծում, որ կա որեւէ մեկը, որը դեմ է Մարտի 1-ի գործի բացահայտմանը։ Ես կարծում եմ, որ քննությունը պետք է իրականացվի բազմակողմանի, լիարժեք, որպեսզի որեւէ կողմի մոտ հարցեր չծագեն։ Եթե քննության ընթացքում կպարզվի, որ մեղավոր է այս կամ այն անձը, պետք է նրանց անպայման կանչել պատասխանատվության, բայց քանի դեռ չունենք քննությամբ ապացուցված մեղադրանք, մենք որեւէ մեկին մեղադրելու իրավունք չունենք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: