Եկեք միասին աղոթենք մեր զինվորների համար․ԱՄԵՆ

Աղոթքը և խորհրդածությունը, որոնց վրա այսօր հրավիրում եմ ձեր ուշադրությունը, յուրահատուկ է և կարծեմ ամեն հայի շատ սրտամոտ։ Այդ իսկ պատճառով այսօր աղոթքի ենք հրավիրում բոլոր հայերին` աղոթելու մեր Հայրենիքի սահմանների անխախտության և մեր անդորրը հսկող զինվորների անվտանգության համար։ Տեսեք, թե ինչ հզոր խոսքերով է Աստված այսօր Եսայու մարգարեության մեջ խոսում.

«Գիտցէ՛ք, հեթանոսնե՛ր, Աստուած մեզ հետ է, պիտի պարտուէք. լուրը հասցրէք աշխարհի չորս կողմերը. դուք, որ հզօրացել էք, պիտի պարտուէք: Թէեւ դուք դարձեալ ուժեղանալու էք, բայց էլի պարտութեան էք մատնուելու: Ինչ խորհուրդ էլ անէք, Տէրը խափանելու է այն, եւ ինչ էլ ասելու լինէք, չի հաստատուելու, քանզի Տէր Աստուած մեզ հետ է» (Ես. 8։9-10): Այս խոսքը Աստված ուղղում է մեր բոլոր թշնամիներին և հակառակորդներին։

Պատմությունն է վկայել մեր` որպես ազգի անպարտելիությունը։ Քանի քանի հզորազոր ազգեր ու ժողովուրդներ են ջնջվել երկրի երեսից կամ ապրում են առանց հայրենիք ու պետականություն։ Քանիսն են ուզել տիրել Հայաստանին և ոչնչացնել այն, սակայն պարտվել են, քանի որ Աստված մեզ հետ է միշտ։

Պարտվել են գոնե այնքանով, որ չեն կարողացել ամբողջապես բնաջինջ ու արմատախիլ անել հայությանն ու հայաստանը։ Առանց սնապարծության փաստենք, հայը եղել է, կա ու պիտի մնա։ Աղոթքով լինենք միշտ մեր երկրի համար։ Հույսներս մեր ուժի, մտքի և ոգու վրա դրած աղոթենք Աստծուն, որ խափանի թշնամական նենգ խորհուրդները և գիշերուզոր պահի պահպանի մեր քաջազուն զինվորներին, ովքեր անձնվիրաբար հսկում են մեր երկրի անդորրն ու ապահովում Հայաստան երկրի անսասան ներկան ու ապագան։

Понравилась статья? Поделиться с друзьями: