Լյովա Խաչատրյանը պատրաստ է բացի 1.5 տոննա սպիրտից նվիրել նաև օգտագործման համար պահած օղին

Այսօր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 1.5 տոննա ծիրանի սպիրտ ունի և պատրաստ է անվճար տրամադրել հակահամաճարակային միջոցառումների համար։ Դրան արձագանքնել էր «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Մկրտչյանը, վերջինս հայտարարելով, որ 300 լիտր սպիրտը կբաժանվի էջմիածինցիներին։

ArmDaily.am-ի հետ զրույցում նախկին պատգամավորը նշեց, որ պետք է կանգնել պետության կողքին, քանի որ իշխանությունը միայնակ չի կարող պայքարել։ «Ես ստատուս էի գրել, Նարեկն արձագանքեց, հիմա պետք է գա, տանի։ Ապարանի հիվանդանոցն էլ է արձագանքել, տարել 20 լիտր։
Դե նոր եմ գրել, առայժմ ուրիշ արձագանք չի եղել։ Պարզապես ինձ դուր չէր եկել, որ սպիրտի գները 7-8 անգամ թանկացրել էին, դա անթույլատրելի է։

Հասկանալի է՝ շատ բան կարող է բարձրանալ, իջնել, բայց սպիրտը, որն առաջին անհրաժեշտություն է, ամեն վայրկյան մարդկանց պետք է, դրա վրա փող աշխատելը պարզապես «мародерство» է»,- նշեց նա՝ հավելելով, որ 1.5 տոննան էլ պատրաստ է անվճար տրամադրել։

Խաչատրյանը նշեց, որ մի փոքր պահելու է օգտագործման համար, սակայն եթե անհրաժեշտ լինի, պատրաստ է դրանից էլ հրաժարվել և նվիրել։

Понравилась статья? Поделиться с друзьями: