Դժվարին այս օրերին Արցախում ծնվող յուրաքանչյուր նոր երեխա գալիս է ապացուցելու, որ արցախցու կամքն անկոտրում է, պայքարն՝ աննահանջ, պահանջատիրությունը՝ արդարացի. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ փոքրիկներ, շնորհավոր ձեր տոնը։

Դուք մեր կյանքի իմաստն եք, մեզ ապրեցնողներն ու մեր շարունակությունը։ Դժվար պահերին դուք այն հույսն եք, որ ստիպում է մեծերին լինել ավելի պինդ ու ավելի ուժեղ։

Ցանկացած հայ ընտանիքում արվում է ամեն ինչ երեխաներին լավ կրթություն տալու, բարեկեցիկ ու ապահով կյանք պարգևելու համար, սակայն այսօր մեր ամենակարևոր առաքելությունը մեր զավակներին ինքնիշխան, անվտանգ ու ամուր սահմաններով հայրենիք ժառանգելն է:

Տոնական այս օրը ուզում եմ առանձնակատուկ գլուխ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր հերոսների հիշատակի առաջ, ասել որ մենք բարոյական պարտք ունենք նրանց ընտանիքների կողքին մշտապես լինելու:

եՀնց այդ ընտանիքներում հնչող յուրաքանչյուր նոր ծնվող մանկան ճիչն է մեր լինելիության գրավականը, մեր ազգի հարատևությունն ապահովողը: Փա՛ռք մեր բոլոր հերոսներին: Ջերմագին շնորհավորանքս եմ ուղղում նաև շրջափակված Արցախի մեր բոլոր բալիկներին,

մաղթում որպեսզի սա վերջին փորձությունը լինի, որն իրենք ստիպված են հաղթահարել: Դժվարին այս օրերին Արցախում ծնվող յուրաքանչյուր նոր երեխա գալիս է ապացուցելու, որ արցախցու կամքն անկոտրում է, պայքարն՝ աննահանջ, պահանջատիրությունը՝ արդարացի:

Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս լուսավոր ու պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն ու երջանկություն, ամենանվիրական երազանքների իրականացում: Աստված պահապա՛ն մեզ՝ բոլորիս»,- ասվում է ուղերձում։

Понравилась статья? Поделиться с друзьями: