«Դա ինձ համար թասիբի հարց է». Արթուր Դավթյանը` Ռազմիկ Աբրահամյանի հետ հանդիպման մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտից, ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ցույց են անում ապօրինի որդեգրումների հետեւանքով երեխաներին կորցրած մայրերը: Նրանք պահանջում են կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

Գլխավոր դատախազության ներկայացուցիչները ցուցարարներին առաջարկեցին դատախազության պաշտոնյաներից որեւիցե մեկի հետ հանդիպում, բայց նրանք հրաժարվեցին: Մայրերը պահանջում էին, որ գլխավոր դատախազն անձամբ իջնի ներքեւ եւ զրուցի ցուցարարների հետ: «Ամեն անգամ գալիս դռները թակում ենք, նա ոչինչ չի ասում, թող ժամանակ գտնի եւ գա իր դիրքորոշումը ասի»,- ասացին ցուցարարները`հավելելով, որ իրենք հանդիպումներ ունեցել են գործը քննող դատախազի, Երեւանի գլխավոր դատախազի հետ, բայց գործի վերաբերյալ նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեսակետն են ցանկանում իմանալ`իր շուրթերից: Այն, որ գլխավոր դատախազությունը բողոքարկել է նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով կայացված խափանման միջոցների կիրառման մասին վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումները, ցուցարարները գլխավոր դատախազի դիրքորոշում չեն համարում: Իրենք Արթուր Դավթյանից անձամբ են ցանկանում տեսակետ լսել:

Արդյունքում, Արթուր Դավթյանն ընդունեց ցուցարարների ներկայացուցիչներին: Հանդիպմանը դատախազության այլ պաշտոնյաներ էլ են ներկա եղել: Դատախազության ներկայացուցիչները ցուցարարներին ներկայացրել են խափանման միջոցները փոխելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշումները բողոքարկելու մասին դատախազության որոշումը եւ հավաստիացրել են, դատախազությունը ցուցարարների հետ «նույն դաշտում է»: Ցուցարարները մասամբ էին բավարարվել հանդիպումից: Ասացին. «Հետագա արդյունքները տեսնելուց հետո բավարարություն կզգանք»:

Մայրերից մեկը Արթուր Դավթյանին հարցրել է`իրականությանը համապատասխանո՞ւմ են համացանցում շրջանառվող տեղեկությունները, որ Արթուր Դավթյանը Ռազմիկ Աբրահամյանի հետ պարբերաբար հանդիպում է «Կուժ» ռեստորանում: Դատախազը պարզաբանել է`մատուցողը շփոթել է, Ռազմիկ Աբրահամյանի փաստաբանի հետ է ինքը հանդիպել: Հարց տվողն իր կասկածն է հայտնել առ այն, որ Ռազմիկ Աբրահամյանը հաղթանդամ, գեղեցիկ տղամարդ է, գրական հայերենով է խոսում, մինչդեռ նրա փաստաբանը փոքրամարմին է եւ ոչ գրական հայերենով է խոսում, ուստի շփոթելը մի փոքր անտրամաբանական է: Արթուր Դավթյանը պատասխանել է, որ դա իր համար «թասիբի հարց է» եւ դատաքննության ընթացքում ինքը կպարզաբանի եւ կապացուցի, որ փաստաբանի հետ է հանդիպել, իսկ Ռազմիկ Աբրահամյանին անգամ դեմքով չի տեսել:

Ծնողներից ոմանք գործը քննող դատախազներին լրացուցիչ տվյալներ էին տրամադրվել: Ցուցարարներն ասացին, որ դատախազները հավաստիացրել են`անմիջական բոլոր տվյալները նայելու են: Քանի որ նախաքննություն է ընթանում՝ շատ մանրամասներ չեն կարող հրապարակել: Ցուցարարները հետաքրքրվել են նաեւ մամուլի այն հրապարակումներով, որ «վերեւներից» գործին խոչընդոտողներ կան եւ հետաքրքրվել են, արդյոք դատախազության բարձրաստիճան պաշտոնյա Գրիգորի Պողոսյանը չի խոչընդոտում`հիշելով 15-ամյա աղջկա դեպքը, ում, ըստ մամուլի հրապարակումների, ստիպել են հրաժարվել իր երեխայից: Ստիպողներից մեկն էլ Էրեբունի հիվանդանոցի բժիշկ Անդրանիկ Պողոսյանն է եղել, որի որդին է Գրիգորի Պողոսյանը: Դատախազության պաշտոնյաները հավաստիացրել են, որ Գրիգորի Պողոսյանը անմիջական կապ չունի այս գործերի քննությունների հետ, կոլեգայնությունն էլ դեր չի խաղում: Բողոքի ցույցն այսօր կշարունակվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, իսկ հետագա քայլերի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: