Գեւորգ Լոռեցյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Գեւորգ Լոռեցյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Լեւոն Սահակյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են, ավելի ուշ՝ կալանավորվել։

ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսավարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է եւ միաժամանակ նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Понравилась статья? Поделиться с друзьями: