Արդյո՞ք Էրդողանն իր դեմքը կփրկի Արցախով․ աշխարհը դա թույլ չի տա…

Վերջին օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Սիրիայի Իդլիբի շուրջ զարգացող իրադարձություններն են, որոնք արդեն հանգեցրել են թուրքական և ռուսական զինուժի լոկալ բախումներին ու անգամ խոսվում է հավանականության մասին, որ մենք ականատես կարող ենք դառնալ ռուս-թուրքական 17-րդ պատերազմին։ Իդլիբի ճգնաժամն այս օրերին քննարկվում է ՄԱԿ ԱԽ-ի, ՆԱՏՕ-ի հարթակներում, իր «եղբայր» Պուտինից հիասթափված Էրդողանը հույսը դրել է Արևմուտքի վրա՝ հեռախոսազրույցներ ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Խոսվում է բազմակողմ կամ Ռուսաստանի ու Թուքիայի նախագահների մակարդակում հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին։

Այնուամենայնիվ, գերիշխող է այն կարծիքը, որ ռուս-թուրքական լայնամասշտաբ պատերազմի ռիսկերը սահմանափակ են․ պրոքսի ուժերի մակարդակում բախումներ, անշուշտ, հնարավոր են ու՝ ոչ միայն Սիրիայում, այլ նաև՝ Լիբիայում, գուցե նույնիսկ՝ մեր տարածաշրջանում։
Իդլիբի հնարավոր կորուստը շատ թանկ կարող է նստել Էրդողանի վրա․ նա ոչ միայն կարող է իր դիրքերը կորցնել արտաքին քաղաքականության մեջ, այլ նաև՝ երկրի ներսում, որտեղ գնալով ավելի շատ ուժեր, կուսակցություններ ու հասարակական խմբեր են խոսում Թուրքայի գործող նախագահի, այսպես ասած, պանօսմանիստական քաղաքականության ֆիասկոյի մասին։ Այս համատեքստում հարևան երկրում բարձրաձայնվում է՝ պանթուրքիզմի պլատֆորմին վերադառնալու անհրաժեշտության մասին։ Թերևս նաև այս համտեքստում է հայկական փորձագիտական դաշտում շրջանառվում վարկած, որ Էրդողանը՝ իր դեմքը փրկելու նպատակով, կարող է արկածախնդրություն հրահրել Արցախում։

Իհարկե, նման սցենարը բացառել չի կարելի, մանավանդ, որ հայկական հարցը կարող է դառնալ ոչ միայն հայ-թուրքական առճակատման, այլ նաև՝ դավադիր համաձայնության թիրախ։ Ու նման բան մի քանի տարի առաջ արդեն եղել է․ 2016-ի Ապրիլյան պատերազմն, ըստ էության, Մոսկվայի, Բաքվի ու Անկարայի դավադիր պայմանավորվածությունների հետևանք էր։
Սակայն՝ համարձակվեմ պնդել, որ ներկայումս Էրդողանի մանևրելու հնարավորություններն անհամեմատ սահմանփակ են։ Անկախ հնչող հայտարարություններից՝ Էրդողանի սիրիական կամպանիան ակնհայտորեն առարկայական աջակցություն չի ստանալու Բրյուսելում կամ Վաշինգտոնում, ավելին՝ ՆԱՏՕ-ում անգամ հայտարարություն չընդնունվեց՝ Հունաստանի կիրառած վետոյի հետևանքով։

Էրդողանն, անշուշտ, փորձելու է օգտագործել շանտաժի գործիքը ու արդեն Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների մուտքը դեպի Եվորպա բացված է։ Մյուս կողմից՝ Էրդողանի շանտաժի լեզուն արևմտյան գործընկերները վաղուց հասկացել են ու հակաքայլեր, ըստ ամենայնի, մշակել են։
Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Էրդողանի արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունը սահմանափակված է ու հազիվ թե Թուրքիայի ներսում և նրա շուրջ ձևավորված համատեքստը թույլ տա, որ Էրդողանը փրկի դեմքը՝ Արցախում հնարավոր սադրանք հրահելու ճանապարհով։

Իհարկե, ասվածը չի ենթադրում, որ պաշտոնական Երևանը պետք է թուլացնի զգոնությունը։ Հայաստանի իշխանությունը պարտավոր է հետևել տարածաշրջանում իրադարձությունների զարգացմանը՝ պատրաստ լինելով նաև ֆորս-մաժորային իրավիճակների։

Понравилась статья? Поделиться с друзьями: