Դերասանուհին Անահիտ Կիրակոսյանն օրեր առաջ դարձել է 33 տարեկան, իսկ հոբելյանը որոշել նշանավորել ընտանեկան ուղեւորությամբ: Եռօրյա հանգստի լուսանկարներն ու մանրամասներն Անահիտը վստահել է BRAVO.am-ին:
«Տարեդարձիս օրը միշտ փորձում եմ փախչել:): Ընտրեցինք Թբիլիսին. սիրում եմ երկար ճանապարհ գնալ, երբ ղեկին եմ լինում ու իմ սիրելի երաժշտությունն է հնչում: Դրանից էլ լավ նվե՞ր: Տնակ էինք վերցրել շատ հարմարավետ ու բնության մեջ.
հեքիաթային տեղ էր՝ ճտերիս հետ անցկացնելու ու իրոք խաղաղվելու համար»,-պատմել է նա: Թեեւ տորթ չի ունեցել, բայց կարեւոր երազանքը մտապահել է. «Փոքրիկ կեքս եւ մեկ մոմ՝ երազանքս բոլորին խաղաղ ու առողջ տեսնելն է»:
Թբիլիսյան երկրորդ օրը դերասանուհին անցկացրել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում. «Տպավորություններս անասելի են. Դսեղի ու Երեւանի տուն-թանգարաններն այցելելուց հետո երազանքս էր նաեւ Թիֆլիսի տանը լինել: Կոլորիտային ու պատմական
տուն, որտեղ եղել էին նաեւ Վերնատան մեծերը: Փշաքաղեցնող էր, որ երեխաներիս ու թոռնիկիս հետ էի: Թումանյանն ինձ համար ուրիշ աշխարհ է, եւ դա ամենալավ նվերն էր»: Խոսել ենք նաեւ աշխատանքային նորությունների մասին. «Նկարահանվում եմ «Սեւ
արկղ» սերիալում: Տաթեւի կերպարում եմ, որը հետաքրքիր ու յուրահատուկ պատմություն ունի, մասնագիտությամբ էլ բորտուղեկցորդուհի է: Ամեն առավոտ Սուրեն Առուստամյանի հետ ողջունելու եմ հեռուստադիտողին 21 TV-ի եթերից` «Օրդ բարի» հաղորդման շրջանակում:
Նաեւ կարդում եմ հեքիաթներ. շատ հետաքրքիր նախագծի շրջանակում ձայնագրվում են հեքիաթներ Գերմանիայում բնակվող հայ բալիկների համար: Մի խոսքով՝ բուռն աշխատանքային շրջան է, ինչի առիթով շատ ուրախ եմ, որովհետեւ շատ եմ սիրում իմ աշխատանքը»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Կիրակոսյանը