Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բաց հանդիպումն իսկզբանե դատարապարտված էր անհաջողության:
Մյունխենի համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ Արցախյան հակամարտության վերաբերյալ բաց քննարկում կազմակերպելու գաղափարը հանրայնացվել էր դեռ 2018-ին և քննադատության էր արժանացել: Պատճառները մի քանիսն են:
Առաջինը, առկա է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդությամբ ընթացող փակ բանակցային գործընթաց, իսկ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելը մշտապես եղել է Ադրբեջանի ցանկությունը: Այդ կերպ Բաքուն նպատակ ունի ստանալ հարցի քննարկման իր համար ավելի նպաստավոր, ոչ բալանսավորված հարթակներ, որոնցում ավելի հեշտ կլինի առաջ մղել իր շահերը:
Երկրորդ, իսկզբանե ակնհայտ էր, որ քիչ հավանական է, որ Ադրբեջանի առաջնորդն այդ միջազգային հարթակում կառուցողական դիրքորոշում կորդեգրի: Ադրբեջանական լսարանի համար նրա հայտարարություններում որևէ որակական փոփոխություն չի նկատվում՝ ո՛չ հայտյացությունը, ո՛չ ագրեսիան, ո՛չ առավելապաշտությունը չեն պակասել: Բնական է, որ այս միջազգային հարթակն էլ օգտագործվելու էր այդ նույն քաղաքականությունը շարունակելու համար, որպեսզի ցույց տա սեփական հանրությանը, որ այդ ամենն ասում է ի լուր աշխարհի և անձամբ Հայաստանի ղեկավարին:
Երրորդ, վերջին շրջանում հումանիտար նախաձեռնություններ էին իրականացվում, որոնց միջոցով փորձ էր արվում ցույց տալ, որ կողմերն ընդունակ են դրական փոփոխությունների, պատրաստ են հանրություններին խաղաղության պատրաստել և ընդհանրապես՝ ունակ են պայմանավորվել և կյանքի կոչել պայմանավորվածը: Սակայն, սա գործընթացի միայն ձևական և բուն հակամարտության հետ շատ քիչ առնչություն ունեցող կողմն է: Սպասելի էր, որ կողմերն ունակ չէին լինելու հանրային կերպով կառուցողական երկխոսություն ունենալ հակամարտության բուն էության մասին: Դրա համար, նախ նրանք պետք է դա կարողանային անել փակ դռների հետևում:
Սակայն, Հայաստանը գնաց նման քննարկման, ավելին՝ գնաց առանց Արցախի նախագահի: Մինչ դեռ, բանակցային գործընթացում Արցախի ներգրավման անհրաժեշտության մասին հայտարարող վարչապետը, այս քննարկումից գոնե որևէ օգուտ քաղելու համար պետք է պահանջեր նաև Արցախի նախագահի մասնակցություն: Կամ էլ՝ չմասնակցեր քննարկմանը, այդ պահանջի չկատարման պատճառով:
Արդյունքում, այս անգամ արդեն անմիջապես Ալիև-Փաշինյան երկխոսությանն ականատես լինելով, համոզվեցինք, որ Հայաստանի վարչապետը նույնիսկ Արցախյան հակամարտության հարցում առավել կարևորում է «հեղափոխությունները», քան իրական գերակայությունները և չի կարողանում հստակ պատասխաններ տալ տարիներ ի վեր ծեծված ու ստերով փաթեթավորված փաստարկներին, բանաձևային ամրագրել Հայաստանի մոտեցումները սկզունքային հարցերում: Այս ամենը տեսնելով՝ դժվար չի պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում արդեն փակ դռների հետևում իրական բանակցային գործընթացում:
Ի դեպ, այս հանդիպմանը նախորդել էր Ալիև-Փաշինյան առանձնազրույցը, որը հնարավորություն էր տալիս որոշակի «ջենտլմենական» պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն արդյունքը ցույց տվեց, որ դա անել կողմերը չէին փորձել կամ չէին կարողացել: