ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակը մակագրել է ՀՀ գլխավոր դատախազին,տեղեկացրել են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է, որ Նաիրի Հունանյանի կողմից վարչապետին ուղղված նամակն ստացել են և ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով: Նաիրի Հունանյանը վարչապետին նամակ էր գրել այս ամսվա սկզբին:
Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Հունանյանը նամակում պատրաստակամություն էր հայտնել մասնակցել «Հոկտեմբերի 27»-ի գործով անջատված մասի քննությանը՝ խոստանալով աջակցել կազմակերպիչների բացահայտմանը:
«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասը վերաբերում է ահաբեկչության կազմակերպիչներին և հովանավորներին: Այս գործի վարույթը կարճվել էր 2004 թ. նոյեմբերի 11-ին: Որոշումը, սակայն, ամիսներ առաջ վերացվեց և ուղարկվեց ԱԱԾ՝ նոր քննություն սկսելու պահանջով: