«Հոգիս» երգից մինչև «Ուշացածը». Հասմիկ Կարապետյանի համար ծննդյան օրն առաջին անգամ համերգային էր: Նա մեկ հարկի տակ էր հավաքել երկրպագուներին և ընկերներին: Tert.am Life-ը ներկա է եղել Հասմիկի 44-ամյակին, ֆիքսել համերգի հետաքրքիր պահերն ու հյուրերին:
Երգչուհու խոսքով՝ ընտանիք կազմելուց հետո երկար տարիների լռությունից հետո որոշել է ծննդյան օրը համերգով նշել․ «Ինքս ինձ հարց տվեցի՝ ի՞նչ նվեր եմ ուզում տարեդարձիս համար, հասկացա՝ համերգ: Շնորհակալ եմ երկրպագուներիցս Սարիկին, որն այնքան նվիրված է իմ երգարվեստին ու ինձ: Նա խորհուրդ տվեց ծննդյանս օրը համերգ ունենալ: Եթե չպնդեր, չէի համարձակվի: Համերգը հիասքանչ անցավ, իր էներգետիկայով ավելի լավն էր, քան նախորդը»:
Ըստ Հասմիկի՝ համերգի ամենամիստիկ կողմն այն էր, որ երկու օր առաջ հիվանդացել է, սակայն համերգից առաջ ձայնը վերականգնվել է: «Ձայնս լրիվ կտրվեց, դժվարանում էի նույնիսկ խոսել: Ընկճախտի մեջ էի, հասկանում էի՝ այդ ձայնով չեմ կարող երգել: Աստծուն խնդրում էի, որ հրաշք լինի և կարողանամ երգել: Համերգին ներկա էր նաև Եվա Սուջյանը, որն ինձ խորհուրդ տվեց մի փոքր կոնյակ խմել: Դրանից հետո ավելի լավ երգեցի, քան նախորդ համերգին: Նույնիսկ Դեր Հովան ասաց, որ երբեք այդքան լավ չեմ երգել: Բարի ուժերն իմ կողմից էին, ամեն ինչ լավ անցավ»,- ասաց նա:
Երգչուհին խոստացավ, որ նման համերգներ էլի են լինելու: «Այս համերգները դեպի վերադարձ տանող փոքրիկ քայլեր են: Մեծ քայլեր չեմ կարող համարել, որովհետև դեռ հստակ ծրագրեր չունեմ: Հստակ է միայն այն, որ կունենամ նոր երգեր, համագործակցություններ, տեսահոլովակներ, համերգներ: Թե ինչ մասշտաբի կլինի այդ ամենը, չեմ կարող ասել, ինձ համար առաջնայինն իմ երեխաներն ու ընտանիքն են»,- նշեց նա:
Երեկոյին ներկա էին Արթուր Խաչենցը, Ավետ Բարսեղյանը: Հասմիկն ընդգծեց, որ Ավետը եկել էր՝ չնայած երեկ շատ զբաղված էր: «Ժամանակ գտավ, եկավ, բեմ բարձրացավ, ջերմությամբ և դրական էներգիայով լցրեց այն: Ավետին ճանաչում եմ արդեն 20 տարի, շատ եմ սիրում նրան, շնորհակալ եմ կյանքից, որ նման տեսակին կարող եմ ինձ հարազատ կոչել»,- ասաց Հասմիկը:
Երգչուհու տորթի վրա գրված էին իր երգերի անունները: Նա պատմեց, որ տորթն անակնկալ էր երկրպագուի՝ Սարիկի կողմից․ «Նույնիսկ չգիտեի, որ տորթ է պատվիրել, այն էլ՝ այդպիսին: Տորթի վրա երգերիս անունները գրելու գաղափարը նրանն էր, գույները ևս ինձ դուր եկան»:
Երեկոյի ընթացքում Հասմիկի ամուսինը՝ Շանթ Քիրմիզյանը, կնոջն անակնկալ մատուցեց և ժամացույց նվիրեց: «Ամուսինս ասաց, որ քաղաքում շատ գործեր ունի, առավոտյան շուտ գնաց: Ես ժամացույց կրելն այնքան էլ չեմ կարևորում, հեռախոսի վրա եմ ժամը նայում: Շանթը շատ է սիրում, միշտ ասում էր, որ ինձ շատ կսազի ժամացույց: Պարզվեց՝ ծննդյանս առթիվ ինձ համար շվեյցարական, թանկարժեք ժամացույց էր գնել: Ես ասացի՝ ինչո՞ւ է այդքան թանկ նվեր գնել: Որպեսզի ինձ մի փոքր լավ զգամ, ասաց, որ նվերը նաև մեր ամուսնության օրվա առթիվ է, որը վաղն է: Ամեն դեպքում, ժամացույցը շատ եմ հավանել, նուրբ ու կանացի է»,- ասաց Հասմիկը:
Երգչուհին այս տարի դարձավ 44 տարեկան: Նա շեշտեց, որ տարիքը չի զգում: «Դրանք ինձ համար պարզապես թվեր են: Գուցե շատերը ծիծաղեն, բայց 25 տարեկանի վրա կանգ եմ առել: Խոսքը ոչ թե մտավոր տարիքի, այլ ինքնազգացողության, թեթևության մասին է: Իհարկե, իմաստություն եմ ձեռք բերել, փոխվել, կյանքին այլ կերպ եմ նայում: Կնոջ մոտ 35-ից հետո իմաստություն է գալիս, իսկ 40-ից հետո ամեն ինչ ավելի գեղեցիկ է դառնում: Ինձ հիմա ավելի եմ հավանում, քան 20-30 տարեկանում: Այն ժամանակ դեռ հասուն չէի: Իհարկե, մեծացող թվերը վախեցնում են, որովհետև ուզում եմ հասցնել անելիքներս, նպատակներս: Թվին նայում եմ՝ հասկանալով, որ կյանքիս կեսն անցել է, արդեն 25 տարեկան չեմ: Մտածում եմ՝ միայն թե ժամանակս հերիքի»,- եզրափակեց նա: