Տաթեւիկ Ռեւազյանի նշանակվելու օրից սկսվել է ամենաստոր արշավը նրա նկատմամբ, ամենաստոր բաներն էին գրում ինձ․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ կոնկրետ օրինակով պատասխանեց հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ հայտարարում էր, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը։

«Հայաստանի քաղավիացիայի ղեկավարի պաշտոնում Տաթեւիկ Ռեւազյանի նշանակվելու օրից սկսվել է ամենաստոր արշավը նրա նկատմամբ»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ մանրամասնելով, թե ինչ նկատի ունի․

«Հայաստանում կա քաղաքացիական ավիացիայի կոմիտե եւ դուք տեսնում եք, թե Հայաստանի ավիացիայի ոլորտում ինչ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք փոխում են մարդկանց կյանքը։ Երբ ասում են Հայաստանում մարդկանց կյանքը բա ե՞րբ է փոխվելու, շատերը դա ասելով նկատի են ունենում, որ մարդը առավոտը վեր է կենալու, իր դուռը կառավարությունը ծեծելու է, ասելու է՝ մարդ ջան, սուրճ կխմե՞ս, իսկ դառը, թե՞ շաքարով, իսկ հետը բուտերբրոտ կարագով պե՞տք է, իսկ մե՞ղր քսենք կարագի վրա, թե՞ մարմելադ։

Մարդիկ կան, որ ուզում են ներկայացնեն, թե սա է փոփոխությունը։ Ո՛չ, մարդու կյանքի փոփոխությունն այն է, որ իր ճանապարհը կառուցված է, որ պետութունն ասում է՝ քաղաքացի ջան, դուք ձեռնարկեք էս գործողությունները, մենք ձեր ծախսի 70 տոկոսը կվերադարձնենք․․․Ձեր կյանքի փոփոխությունն այն է, որ դուք էսօր կարող եք որոշել 50 եվրո տալ, թռնել Հռոմ եւ հետ գալ։ Էս փոփոխությունը կոնկրետ տեղի է ունեցել ի հեճուկս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, որովհետեւ էն պահից, երբ Տաթեւիկ Ռեւազյանը նշանակվել է կոմիտեի ղեկավար, առաջին օրից սկսվել է ամենստոր արշավը, լրատվական արշավը այդ կնոջ նկատմամբ, ամենաստոր, որոնք 90 եւ ավելի տոկոսով կազմակերպված են եղել ներսի պաշտոնյաների կողմից։

Ամենաստոր բաներն էին գրում ինձ Տաթեւիկ Ռեւազյանի մասին, որ այ, գնում՝ խայտառակում է մեր երկիրը, գնում Ryanair-ի պահակի հետ է հանդիպում, գալիս ձեզ սխալ ներկայացնում է, թե ինքը որեւէ պաշտոնյայի հետ է հանդիպել, մարդիկ ծիծաղում են մեզ վրա, էս են անում, էն են անում։ Ազգային անվտանգության հարց ներկայացնող հարցերը չեն զեկուցել կոմիտեի ղեկավարին․․․Եվ թող ՀՀ բոլոր քաղաքացիներն իմանան, որ այս փոփոխությունները, կոնկրետ ավիացիայի ոլորտում, տեղի են ունեցել ի հեճուկս էդ ոլորտի պաշտոնական շրջանակների եւ նրանց շրջապատող մասնագիտական շրջանակների։ Ինչով կարողացել՝ խանգարել են, ինչով կարողացել են՝ վարկաբեկել են, որտեղ կարողացել են՝ անիվների մեջ փայտ են մտցրել»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ իր նախաձեռնությամբ այդ մարդկանց մի մասն արդեն աշխատանքից ազատվել են եւ ընդհանրապես համակարգից հեռացվել, իսկ մյուս մասին Տաթեւիկ Ռեւազյանը զարմանալիորեն ներողամիտ է վերաբերվում։

Ավարտելով իր միտքը՝ Փաշինյանն ասաց, որ այս օրինակը բերում է՝ ընդգծելու համար, որ այն մարդիկ, որ տասնյակ տարիներով մտահագություններ են արտահայտում ավիացիայի մասին, նրանք ոչ թե իրոք դրա մասին են մտածում, այլ շատերը մտածում են, թե ոնց երկու հատ օդանավ տանեն Աֆրիկյան իքս երկրից թռցնեն իգրեկ երկիրը՝ 300 դոլար ավելի աշխատելու համար։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքն այդ դիմադրությունը ջարդելու է: «Կներեք, չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի ա ունենում՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք ա ժամանակ առ ժամանակ ասես՝ բա ի՞նչ էղավ, բա ի՞նչ էղավ: Ու պատճառ միշտ էլ կգտնվի: Միշտ պատճառ կա: Էն օրը ասացի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին․ որ ուրիշ պատճառ չլինի, էս պատճառը միշտ էլ կա», — ընդգծել էր վարչապետը:

Понравилась статья? Поделиться с друзьями: