Վոլոդյայի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին (տեսանյութ)

«Դա հնարավոր բան չէր, սուտ է, թող բացատրություն տան, թե կապիտանը ինչ գործ ուներ այդ ժամին էդտեղ, ոչ մի անգամ վերադասից էդ ժամին երեխեքի հետ մարդ չի եղել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասում

հրդեհի հետևանքով զոհված Վոլոդյա Ներսիսյանի մայրը՝ Անի Թադևոսյանը։ Տիկին Անին արդեն ութ օր է՝ փնտրում է այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանը։ Ուզում է իմանալ իրականությունը՝ ինչ հանգամանքներում են զոհվել իր 19-ամյա որդին և նրա 14 ծառայակիցները։

Պաշտոնական վարկածին չի հավատում։ Վստահ է, որ կատարվածը դիտավորության հետեւանք է։ «Էդ երեխեքին թունավոր գազով կամ ինչ–որ այլ տարբերակով քնեցրել են ու իրենց սև գործն արել»,– ասում է Անի Թադևոսյանը։ Վոլոդյան դեկտեմբերի 17-ին հինգ օրով արձակուրդ էր եկել։

Անտրամադիր էր, հիշում է մայրը, քիչ էր խոսում, չէր կիսվում։ Հիմա, երբ հիշում է, մտածում է, որ որդուն ինչ–որ բան էր անհանգստացնում։ «Անօրինական ինչ–որ բան է եղել, որ չպետք է լիներ, ոնց Հադրութի հողերն էին հանձնել, բայց զինվորներին առաջ էին քշում, կոտորում»,– նշում է տիկին Անին։

Վոլոդյայի եղբայրը՝ Կառլոսը, հենց դեպքի օրն է եղել Մարտունու դիահերձարանում։ Մարմինները տեսնելուց հետո հասկացել է, որ բոլոր զինծառայողները հրդեհի ժամանակ պառկած են եղել, արդեն մահացած։

«էդ փաստ է, որ զինվորները եղել են պառկած, բենզին օգտագործվե՞լ է, թե՝ ոչ, չեմ կարող ասել, բայց որ երեխեքը մինչև պառկելը եղել են անգիտակից՝ թունավոր գազ են շնչել, թե ուժեղ քնաբերով քնեցրել են, մենակ դատաբժիշկները կարող են ասել»,– ասում է Կառլոս Ներսիսյանը։

Եղբոր հետ խոսակցության մանրամասները վերհիշելով՝ Կառլոսն ավելի է համոզվում, որ պաշտոնական վարկածը իրականությանը չի համապատասխանում։ Վոլոդյայի հետ վերջինը հենց նա է խոսել, հրդեհի գիշերը, ժամը 12:15–ի սահմանում, մի քանի րոպե։

«Նստած էին վառարանի մոտ, մի քանի հոգով, կոֆե էին խմում, ամբողջ օրը գործ էին արել, ու մտադիր էլ չէին քնել, ասաց՝ գիշերն էլի կզանգեմ։ Պաշտոնական վարկածը հերքում եմ, որովհտեեւ իմ խոսելու ժամանակ կապիտան չի եղել, բենզին չի եղել էն տրամաբանությամբ, որ տեխնիկան վառելիքով էր աշխատում։

Խելքին մոտ չէ, որ վառարանը բենզինով էր ուզում թեժացնել։ Չեմ բացառում, որ բենզին լիներ, բայց տունը պաժառ տալու համար։ Խելքին մոտ չէ նաև, որ մեքենայով հարվածել են, որովհետև ոչ մի քերծվածք չկա, երկու հատ քար էր վրան գցած։

Իսկ էդ երկուսը, որ իբր են գնացել են ջուր բերելու, էլի եմ հերքում, որովհետև իրենց ջուրը դռնից երկու մետր հեռու էր։ Թունավոր գազ, քնաբեր, սպանություն, դիվերսիա, ամեն ինչ էլ հնարավոր է»,– ասում է Կառլոսը։

Մանրամասները՝ տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями: