Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի տարածքում, վերջին օրերին իրավիճակը հանգիստ է։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա գյուղի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
«Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեից եկել էին, բարձրացանք վերև, նորմալ վիճակ էր։ Նայեցին, բնակչության հետ խոսեցին, դիտարկում արեցին ու գնացին։ Ադրբեջանական ուժերը մեր սահմանի մեջ են՝ 1․5 կիլոմետեր։ Ոնց եկել են ամիս ու կես առաջ, իրենց տեղում ու դիրքում նստել ու մնացել են, նորից առաջ չեն եկել։ Բայց մեր հողի մեջ ո՞ւր մնան, պիտի գնան»,- ասաց համայնքի ղեկավարը։
Արտյոմ Երանոսյանի խոսքով՝ իրենք նույնպես լսել են, որ Գեղարքունիքի՝ սահմանամերձ դարձած համայնքների սահմաններին ռուս սահմանապահներ պետք է տեղակայվեն։ Նա նշեց, որ այս օրերին այդ ուղղությամբ կոնկրետ գործողությունների ականատես չեն եղել։ Վերին Շորժայի սահմանները, նրա խոսքով, այսօր հսկվում են հայկական զինված ուժերի կողմից։
«Մենք էլ ենք լսել, որ պետք է ռուսները գային, բայց մեր աչքով դեռ չենք տեսել, սպասողական ենք, տեսնենք ոնց կլինի։ Ղեկավարությունը պետք է որոշի՝ ինչ են անելու, տեսնենք էս բանակցությունները ինչ են անում»,- հավելեց նա։
Վերին Շորժա գյուղում ներկայում ապրում է 100 մարդ։ Արտյոմ Երանոսյանի խոսքով՝ գյուղացիների շրջանում խուճապ չկա, մարդիկ իրենց գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում։ «Մարդիկ չեն գնում գյուղից, ո՞ւր գնան, եթե ես էնտեղ եմ, իրենք էլ են մնում։ Սկսած ինձանից՝ մեր հողն ա, մշակում ենք, հո չենք նայի՝ նրանք ստեղ են, թե ստեղ չեն։ Եվ նրանց էլ ապացուցում ենք, որ մենք մեր հողի տերն ենք, մեր հողերը մշակում ենք։ Նրանք էլ դա տեսնում ենք, ինձ թվում է՝ ադքանն արդեն հաղթանակ է մեր կողմից»,- նշեց Երանոսյանը։