Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ դեսպանների, ԱԺ նախագահը՝ ՍԴ դատավորների հետ

Վարչապետն այսօր կառավարությունում հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Կառավարության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին, պատասխանել դեսպաններին հետաքրքրող տարբեր հարցերի:

Կառավարության լրատվական բաժնից փոխանցեցին՝ հանդիպումը եղել է փակ, և այլ մանրամասներ հայտնել չեն կարող: Անցած շաբաթ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ևս վեց անդամի պաշտոնավարման հարցով հանրաքվեի մասին որոշում կայացնելու օրը, դեսպանների հետ հանդիպել էր նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա վերջին օրերին հանդիպումներ է ունեցել նաև ՍԴ դատավորների հետ: Ինչպես հաստատեցին ԱԺ նախագահի գրասենյակից, այս օրերին էլ շարունակվում են ՍԴ դատավորների, այդ թվում՝ Ֆելիքս Թոխյանի հետ հանդիպումները: ԱԺ նախագահի գրասենյակից փոխանցեցին՝ այդ մասին ԱԺ կայքում հրապարկումներ չեն եղել, քանի որ դրանք խորհրդարանի շենքում չեն եղել:

Դատավորների հետ հանդիպելու հրապարակային առաջարկ էր արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած իր ելույթի ընթացքում: Նկատենք, հրաժարականի դեպքում ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի օրենքը ուժի մեջ է մինչև փետրվարի 27-ը:

ԱԺ փոխնախագահ («Իմ քայլը») Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ եթե դատավորները որոշեն օգտվել այդ հնարավորությունից, իրենց քայլերն էլ կլինեն այդ որոշմանը համարժեք: Էական է, սակայն, թե քանի դատավոր նման որոշում կկայացնի:

«Եթե բոլորն օգտվում են, հանրաքվեն արդեն կկայանա, չի կայանա, ժամկետների հետ կապված իրավական որոշումներն օրենքն է տալու, ոչ թե քաղաքական որոշում է լինելու: Ես չեմ կարող ասել, իրավաբաններին է պետք հարցնել, ես ենթադրում եմ, որ հանրաքվեն քանի որ օրենքի ուժ ունի, այնուամենայնիվ կկայանա, թե ինչ արդյունք կլինի, ոնց կլինի, և որքանով դա կազդի, արդեն չգիտեմ: Մենք չեմ հասկանում, թե ինչու ենք այդքան, իստ իս, ոչ կարևոր բաներից խոսում, որովհետև տեխնիկական բաների մասին եք խոսում: Մեր նպատակը հարցը լուծելն է, մեր նպատակը դատական համակարգը Հայաստանի Հանրապետությունում կարգի բերելն է և հնից հրաժարվելը, հիմա թե դա մի ժամ շուտ կլինի, թե ուշ, ավելի լավ կլինի, որ դատավորներն այդ գիտակցությունն ունենան և հնարավորինս շուտ հրաժարվեն, վերջ դնենք այս խոսակցությանն ու անցնենք առաջ», — հայտարարեց Սիմոնյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: