Վարակի մասին ամբողջ ճշմարտությունը… Չինաստանը խաբե՞լ է բոլորին

ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի ներկայացրած կորոնավիրուսի վիճակագրությունը մի փոքր մեղմացված է, կամ այլ կերպ ասած՝ ճիշտ չէ: ԱՄՆ փոխնախագահ Փենսն էլ նշել է, որ վիճակը ավելի լավ կլիներ, եթե Չինաստանը հենց սկզբից ներկայացներ ողջ տեղեկությունը:

Կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկությունն ամբողջությամբ ներկայացնելու կոչ Չինաստանին եւ մի քանի ուրիշ երկրի արել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Չինաստանը հայտարարել է, որ հաղթահարել է համաճարակը եւ կյանքը վերադարձնում է բնականոն հուն: Չինաստանի վիճակագրության մասին կասկած հայտնում է ոչ միայն Թրամփը, որը հղում է անում ԱՄՆ հետախուզության տվյալին: Չինաստանի վիճակագրությունը կասկածի տակ են դնում նաեւ առողջապահության շատ մասնագետներ, թերահավատ լինելով, որ 1,5 միլիարդ բնակչությամբ պետությունը կարող էր այդքան արդյունավետ լոկալացնել վարակը մի քանի տասնյակ հազար բնակչի շրջանակով:

Կա կասկած, որ Պեկինը լրիվ չի հաշվել, կամ հաշվել է այսպես ասած ոչ սկզբից:

Չինաստանի ոչ ճիշտ վիճակագրությունը Արեւմուտքի «ալիբի՞ն» է իր հանրության առաջ, որովհետև արեւմտյան երկրներում բավականին լարված է վարակի հետ կապված իրադրությունը: Թե՞ Պեկինն իսկապես թաքցրել է էական բաներ եւ փաստացի մոլորեցրել աշխարհին, այդպիսով շահեկան դիրք դուրս գալով տեղեկատվական պատերազմում, ինչը եւս ունի կարևոր նշանակություն համաշխարհային իրավիճակում:

Ի վերջո, ներկայում որքա՞ն է կարեւոր, թե ինչ վիճակագրություն է այլ երկրներում: Դա որեւէ բան փոխելու՞ է սեփական երկրում իրավիճակի կառավարման առումով: Ենթադրենք Չինաստանը ոչ թե հաղթահարել է վարակը, այլ քողարկել այն ինչ որ կերպ, դա ինչ է փոխում մեկ ուրիշ երկրի կառավարության համար սեփական երկրում ցուցանիշի եւ վարակի կառավարման խնդրում:

Ի՞նչը հայտնի չէ կորոնավիրուսի վերաբերյալ առ այսօր եւ ինչ ազդեցություն է թողնում այդ հանգամանքը համաշխարհային իրավիճակի վրա: Թե՞ գործնականում անհայտ բան չկա, պարզապես ներկայում տեղի է ունենում դիրքավորում տեղեկատվական պատերազմի, գուցե նաեւ հետախուզական պայքարի ու նաեւ գործերի փաթեթների կազմման միջոցով՝ հետկորոնավիրուսային աշխարհում դատական գործընթացների համար, որով պետք է որոշվի, թե ով է վճարելու համաշխարհային թանկարժեք կանգառի գինը:

Понравилась статья? Поделиться с друзьями: