«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քեռին հայտնի զարգացումներից հետո ոչ միայն շարունակում է աշխատել ՊԵԿ-ում, այլև օրերս ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում դարձել է միավորված բաժնի պետ։ Արթուր Վանեցյանի քեռին՝ Արամ Ազարյանը, ավելի վաղ զբաղեցնում էր Արարատյան մաքսատան բաժնի պետի պաշտոնը։
Ազարյանը նախկինում էլ է աշխատել հարկային ու մաքսային համակարգում, երկար տարիներ հարկային տեսուչ է եղել, եղել է Արաբկիրի հարկայինում և այդ ժամանակահատվածում հասցրել է մի քանի անգամ հեռացվել աշխատանքից կոռուպցիոն սկանդալների կենտրոնում հայտնվելու պատճառով, սակայն մշտապես գտնվել են մարդիկ, որոնք միջնորդել են նրան աշխատանքի վերականգնելու հարցում:
Մասնավորապես, նրա քույրը՝ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, որը երկար տարիներ աշխատել է նախագահականում, զբաղեցրել է կադրերի վարչության պետի պաշտոնը, իսկ հեղափոխությունից հետո՝ նաև քրոջ որդին։
Վերջին նշանակման հարցում դեռ պարզ չէ՝ քույրն է միջնորդել, թե քրոջ որդին, բայց այս նշանակումը հերթական հիասթափությունն է առաջացրել համակարգի աշխատակիցների մոտ, ովքեր առ այսօր այդպես էլ համակարգում չեն զգում թավշյա հեղափոխության էֆեկտը։