«Հաղորդումը նայող մարդկանց մոտ կստեղծվի այն տպավորությունը, որը ուզել են՝ թողնեմ, սակայն ես էի ավելի շատ ծաղրում նրանց՝ պատասխանելով՝ չգիտեմ,-Starnews-ի հետ զրույցում ասաց բլոգեր Մագա Հարությունյանը՝ անդրադառնալով «Քաղցած սպասում են» հաղորդման՝ իր մասնակցությամբ թողարկմանը:
Տվյալ թողարկումը բավական աղմկահարույց էր ստացվել, քանի որ Մագան չէր կարողացել նախ պատասխանել, թե ի՞նչ կլինի 7×6, ապա կատակելով ասել էր. «Աղյուսյակն ի՞նչ է»: Նույն թողարկման ընթացքում Մագան չէր տարբերել Թումանյանին Չարենցից, ինչպես նաև ցույց էր տվել, որ չի տիրապետում ռուսերենին: Այս ամենի վերաբերյալ Մագան Starnews-ի հետ զրույցում նշեց, որ դժվար է հավատալ, որ այս ամենը ինքը չի կարող իմանալ.
«Պարզապես, երբ նրանք իմ հյուրն են, ու ես ստիպված էի, ավելի ճիշտ՝ իմ դաստիարակությունից ելնելով՝ ինձ թույլ չեմ տվել վիրավորել կամ վատ ձևով խոսել նրանց հետ, չեմ տվել նրանց արժանի պատասխանը…Կոպիտ ասած՝ արդարացրել եմ իրենց սպասելիքները՝ ասելով չգիտեմ, սակայն եթե ասում եմ՝ չգիտեմ, դա չի նշանակում, որ իսկապես չգիտեմ: Ես պարզապես ծաղրել եմ նրանց նույն ձևով, ինչպես իրենք էին դա անում: Նույնիսկ թողարկման ժամանակ մի պահ հումոր եմ արել՝ ասելով՝ ինչպե՞ս կարող է տիկտոկերը դա իմանա: Հեգնել էի նրանց»:
Մագայի խոսքով՝ սպասելի էր, որ այս թողարկումը մեծ արձագանք կգտնի.
«Այն, որ նրանք չունեին տարրական քաղաքավարություն ու կուլտուրա, շեղվել էին իրենց ձևաչափից, փորձում էին խելքս ստուգել, իսկ ես հասկանում էի, որ մասնակցում եմ «Քաղցած սպասում» են հաղորդմանը, որ սա «Ամենախելացին» հաղորդումը չէ, ի վերջո, կարող էի հրաժարվել այդ հարցերից, ինչը չարեցի, սակայն իմ դաստիարակությունը դա թույլ չտվեց, փորձել եմ նրանց լեզվով պատասխանել, զարմանում եմ հեռուստադիտողի վրա, որ չեն հասկացել, որ ծաղրել և հեգնել եմ»:
Մագայի խոսքով՝ ինքը կանխատեսում էր, որ կարող են իրեն չհասկանալ.
«Հասկանում էի, որ կարող էր թողարկումը նման արձագանք ունենալ, մարդիկ ատելություն ուղղեն ինձ… Իհարկե, կարող էի լուրջ պատասխանել: Այնպես չէ, որ երբ հարցրեց աղյուսակի մասին, միանգամից պատասխանը կտայի, դրա համար պետք է մտածեի, սակայն երբ քեզ նկարահանում են և փորձում են հարցերով ճնշել, այդ պահին պատահում է, որ շփոթվես, լարվես, ինչն էլ եղավ ինձ հետ»: Մագան Սուրեն Շահվերդյանի վերաբերմունքը բացատրեց այն հանգամանքով, որ հեռուստաընկերության աշխատակիցները մրցակցության մեջ են համացանցային հայտնիների հետ.
«Չեմ առանձնացնում այս առումով հենց Սուրենին, բայց այդ միտումը կա: Սուրենը երկու տարուց պապիկիս թայ է դառնալու, ու իր համար աննորմալ է, որ օրինակ՝ կարող եմ տանից հողաթափերով դուրս գալ, սակայն իմ հետևորդներն ինձ հասկանում են»: Որպես վերջաբան Մագան նշեց հետևյալը.
«Ավելի ամոթ է հումորի զգացում չունենալը, քան աղյուսակ չիմանալը: Մի փոքր կարելի է հումորով վերաբերվել: Այն, որ միտումնավոր են լարվածություն ստեղծել իրենց հաղորդման հաջողության համար, դա պարզ է, բայց կարելի է հումորով վերաբերվել: Այնպես չէ, որ ես գոհ եմ նրանց հաղորդումից կամ հարցերից, բայց փորձեցի հումորով պատասխանել: Սուրենին ասելու բան չունեմ, պարզապես հասկանում եմ, որ ես այնպիսի դեմք եմ, որ ինձ հետ կապված ամեն բան քննարկվում է»: