Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը, որ այդ կարգավիճակում է դեռեւս 1997 թվականից, փետրվարի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հանգամանքին, որ Սահմանադրական դատարանը տարիներ շաևրունակ եղել է կեղծվող ընտրությունները վավերացնողը, հաստատողը…
Ֆելիքս Թոխյանը հայտարարել է, թե Սահմանադրական դատարանը ընտրության վերաբերյալ որոշում է կայացրել այն ապացույցների ու փաստարկների հիման վրա, որ ներկայացվել են այդ ընտրություններից հետո: Նա կոչ է արել լրագրողներին, նաեւ մասնագետներին դիտարկել ՍԴ արխիվը, որտեղ կան բոլոր նյութերը, եւ տեսնել, թե արդյոք ընտրություններից հետո կեղծման վերաբերյալ ապացուցողական բազան եղել է բավարար, որ ՍԴ-ն կայացներ ընտրության արդյունքը չճանաչելու որոշում…
Ըստ դատավոր Թոխյանի, ապացուցողական բազան անբավարար է եղել: Ի դեպ, խնդրի մասին դեռեւս տարիներ առաջ արտահայտվել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ ՍԴ-ում ընտրակեղծարարության բողոքները պետք է լինեին խիստ հիմնավոր եւ տարողունակ, այնտեղ ընդունվելու համար…
Սակայն լրագրողների հետ այդ թեմայով զրույցում դատավոր Թոխյանի հայտարարություններից ամենաուշագրավն այլ է՝ իշխանության ձեւավորման տրամաբանության մասին…
«Աշխարհում չկա որեւէ մի ՍԴ, որ իշխանության հարցը լուծվել է սահմանադրական դատարանում: Ոչ մի տեղ չկա, եւ չի էլ լինի: Ինչու: Որովհետեւ հարցը լուծվում է փողոցում, նոր Սահմանադրական դատարանում, եթե լուծվում ա: Ոչ մի Սահմանադրական դատարանում համազգային իշխանության հարցը չի լուծվել», հայտարարել է Ֆելիքս Թոխյանը…
Այդպիսով, Սահմանադրական դատարանի ամենահնաբնակ դատավորը հայտարարում է, որ նախորդ իշխող համակարգում ընդդիմությունները պարտվել են ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ փողոցում: Առերեւույթ, այդ հանգամանքը չի տեղավորվում իրավական կանոնակարգում: Բայց ամբողջ հարցն այն է, որ ընդդիմությունները հենց իրենք են տարիներ շարունակ հավաստիացրել հանրությանը, որ Հայաստանում չկա իրավական կարգ: Այդ առումով մեղմ ասած երկիմաստ է ստացվում՝ մի կողմից իշխող համակարգը հռչակել ամբողջապես անիրավ ու հանցավոր, բայց իրավական պաշտպանություն ակնկալել այդ համակարգի մաս կազմող որեւէ կառույցում՝ ակնկալելով այդպես հաղթել այդ համակարգին…
Ֆելիքս Թոխյանը փաստացի հարցը դնում է ոչ թե զուտ իրավական հռետորաբանությամբ, այլ արձանագրելով այն, ինչ կար կամ եղել է, ակնարկելով նաեւթավշյա հեղափոխության հաղթանակի մասին՝ հեղափոխությունը հաղթեց փողոցում, եւ ՍԴ-ն որեւէ կերպ ի զորու չէր եւ չէ կասկածի տակ դնել այդ հաղթանակն ու նոր իշխանության ձեւավորման այդ փաստը…
Այլ կերպ ասած, իրավակարգի, սահմանադրական գիտակցության գալու ճանապարհը թերեւս անցնում է հանրության քաղաքական գիտակցության ձեւավորման միջով, որի առանցքային մաս է իշխանություն ձեւավորելու հարցում սեփական կամքի առնչությամբ ինքնավստահությունը: Մի բան, որի բռնկումը եղավ 2018-ի ապրիլ-մայիսին, եւ որի տարօրինակ անկում ծավալվեց հետագա ընթացքում, երբ ամենատարբեր շրջանակներ հաղթած ու ինքնավստահ հանրության մոտ սկսեցին սերմանել «թերի կամ կիսատ հաղթանակի» առնչությամբ վախեր ու կասկածներ…