Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել սահմանափակել արտասահմանցիների և ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիր՝ կորոնավիրուսի տարածման պատճառով:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, սահմանափակումն ուժի մեջ կմտնի մարտի 18-ից և կշարունակվի մինչև մայիսի 1-ը: Արգելքը չի տարածվում ապրանքներ տեղափոխող բեռնատարների վարորդների, ինչպես նաև դիվանագետների և Ռուսաստանում մշտական բնակություն հաստատած անձանց վրա: Բացի այդ, սահմանը հատել կկարողանան նավերի և գնացքների անձնակազմերը:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը տեղեկացրել է, որ այդ միջոցները համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին: Վերջինս հիշեցրել է, որ սահմանափակումները պայմանավորված են հատուկ հանգամանքներով և կրում են բացառապես ժամանակավոր բնույթ:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսով վարակվել է 93 մարդ: