«Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քանի որ մի միջոցառման ժամանակ մեծ լսարանին էս պատմությունը արդեն պատմել եմ, ձեզ էլ պատմեմ, իմացեք արագ հարստացման գաղտնիքը:
2005 թվականին մեր մի ընկերը հյուր եկավ Մոսկվայից և 4 ընկերով գնացինք Սյունիք: Չորսս էլ սկսնակ գործարարներ էինք: Հավաքվել էինք մեր ընկերոջ պապական տանը: Սեղանի շուրջ նստած հաց էինք ուտում, քաշած օղի խմում ու զրուցում դեսից-դենից: Խոսք գնաց մեր բիզնեսներից: Բոլորս էլ անկեղծ խոստովանեցինք, որ շատ վատ են մեր բիզնեսների վիճակները, չնչին գումարներ ենք վաստակում, երբեմն տակ ենք տալի: Մեկ էլ մի տարիքով պապի խոսքներս կտրեց, ասելով.
— Ուզու՞մ եք գործներդ լավանա:
Է, ինչ պիտի պատասխանեինք, պարզ է, որ շատ էինք ուզում: Դե, ասեց, մի ալարեք, եկեք իմ հետևից: Ինքը նստավ ձին ու ընկավ առաջ, մենք հետևից հազիվհազ հասում էինք: Մոտ 2 կմ բարձրացանք մոտկա լեռը, մի անդունդի մոտեցանք, պապին կանգնեց անդունդի եզրին ու ասեց.
— Պահեք ձեր ուզած ցանկությունը ու փող քցեք էս անդունդի մեջ, անպայման կկատարվի:
Զարմացած նայեցինք պապիին, հայացքը վստահություն էր ներշնչում: Դե երիտասարդ էինք, ամուսնացած ու լիքը փողի կարիք ունեինք, բոլորիս մտքին մեր բիզնեսների հաջողությունն էր: Ես ձեռքս տարա գրպանս ու 200 դրամ հանեցի, ցանկությունը պահեցի (բիզնեսիս արագ աճ) ու շպրտեցի: Մոսկվայից եկած ընկերս հանեց ռուսական կոպեկ ու շպրտեց ձորը: Մեր 3֊րդ ընկերը ձեռքը տարավ գրպանը, մոտը 2 հատ 1000 դրամանոց էր և 1 հատ 1 դոլարանոց: Դե երևի հաշվարկ արեց ու էդ մի դոլարը քցեց ձորը: Մեր չորրորդ ընկերը քմծիծաղ տվեց ու ասեց.
— Արա էքա ամուսնացած մարդիկ եք, հլը հեքիաթների եք հավատու՞մ:
Ու ոչինչ չքցեց ձորը…
Անցել են տարիներ: Ես որ դրամ էի քցել, այսօր Հայաստանում եմ գործարար, էն ռուբլի քցած ընկերս մեծ բիզնեսներ ունի Ռուսաստանի տարբեր մարզերում, դոլար քցած ընկերս խոշոր կառուցապատող ա ԱՄՆ-ում, իսկ պապիին չհավատացած մեր ընկերը Կրասնոդարում տաքսի ա քշում, ամիսը մի 100$ տուն ա ուղարկում…
Հիմի ասածս ինչ ա, ով ուզում ա հարստանա ու գա իմ հետ էդ լեռից փող քցելու, թող + դնի փոստիս տակ, իսկ ով հասկացել ա, որ սա ընդամենը հորինված լեգենդ էր և ձորից փող քցելով, թուղթ ու գիր անելով, գայլի թալիսման պահելով մարդ չի կարող հարստանալ, այ էդ ընթերցողներն էլ թող լայք կամ սրտիկ դնեն փոստիս տակ ու կպնեն իրենց սիրած գործին, որովհետև միայն ու միայն՝ սերը սեփական աշխատանքի հանդեպ, տարիների քրտնաջան աշխատանքը, չհուսահատվելը կտան ցանկալի արդյունք: Սեփական աշխատանքի հանդեպ սիրով լի օր եմ մաղթում բոլորիս: