Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը թվիթերյան բլոգում գրառում է արել, որը առանց վարանելու հնարավոր է համարել ընդհուպ աշխարհաքաղաքական սենսացիա․․․
Համենայնդեպս, Չինաստանի պաշտոնյան հայտարարել է, որ կորոնավիրուսը չինական Ուհան քաղաք կարող էին բերել ամերիկացի զինվորականները: Նա Միացյալ Նահանգներին կոչ է արել լինել թափանցիկ և ներկայացնել ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատկերը․․․
«Ե՞րբ է ԱՄՆ-ում զրոյական պացիենտ հայտնվել: Քանի՞ մարդ է վարակվել: Ինչպե՞ս են կոչվում հիվանդանոցները: Հնարավոր է, ԱՄՆ-ի բանակն է համաճարակը բերել Ուհան․․․
Թափանցիկ եղեք: Բացահայտեք ձեր տվյալները: ԱՄՆ-ը պետք է մեզ բացատրություն տա»,- գրել է չինացի պաշտոնյան․․․
Այն, որ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ արվում են, այսպես ասած, կոնսպիրոլոգիական դատողություններ, որ վարակը ունի արհեստական ծագում կամ քաղաքական մոտիվ, նորություն չէ, սակայն բացարձակապես այլ բան է,երբ գերտերության, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետության պաշտոնյան ուղղակի հայտարարում է ԱՄՆ-ի հանդեպ կասկածի մասին և հարցեր ուղղում Նահանգներին․․․
Ինչ արձագանք կլինի ԱՄՆ-ից՝ կտեսնենք, սակայն հրապարակումն արդեն իսկ արտառոց է և անակնկալ․․․
Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի վարակը ծագեց Չինաստանի Ուհան քաղաքից, սակայն հետագայում այն տեղափոխվեց այլ երկրներ՝ ավելի ու ավելի տարածում ունենալով հատկապես Իրանում, Իտալիայում, Իրաքում․․․
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է համաշխարհային համաճարակ․․․
Այդ ամենում շատ մասնագետներ տեսնում են որոշակի բլեֆ, համարում, որ ինքնին վարակը ամենևին այն սարսափը չունի, որքան փորձ է արվում ներկայացնել և մատուցել: Բայց սարսափը տարածվում է․․․
Եվ ահա հնչում է Չինաստանի կասկածը՝ այն բանից հետո, երբ Պեկինը հայտարարում է իր մոտ վարակը հաղթահարելու, համաճարակը կանխելու և վերջ տալու մասին․․․
Նախօրեին համացանցում տարածվեց տեղեկություն և տեսանյութ, երբ Ուհանի հիվանդանոցների բժիշկները հանում են դիմակները՝ ի նշան վարակի դեմ տարած հաղթանակի․․․
Ժամանակավոր հիվանդանոցները, որ կառուցվել էին, քանդվում են և, այսպես ասած, հետ հավաքվում: Առավել հատկանշական է, որ Չինաստանը կասկածը գործնականում պաշտոնապես հնչեցնում է հենց այն բանից հետո, երբ իր մոտ հաղթահարում է վարակը․․․
Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ հաղթելու են կորոնավիրուսին․․․
Նահանգներում ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, որոնցից արտառոցը անշուշտ Եվրոպայի հետ օդային հաղորդակցության դադարեցումն է, որը հարուցել է ԵՄ ղեկավարության դժգոհությունը․․․
Կորոնավիրուսը այլևս հաստատված է միջազգային հարաբերությունների գործիքի դերում․․․