«Մայրիկի օրագիրը» գրքի հեղինակ, գերմանաբնակ բլոգեր Մերի Սարիկյանը շուտով իր լսարանին կներկայացնի նոր գիրք՝ «Կրկին յոթերորդ երկնքում» վերնագրով: Շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 28-ին, իսկ միջոցառման հասույթի մի մասը կուղղվի սահմանամերձ գյուղերի երեխաներին օգնելու ծրագրին:
Ամիսներ առաջ Մերին ներկայացել էր համանուն սեմինարով. պատմել է, թե ինչի մասին է իր նոր գիրքը, ինչպես է ստեղծվել այն գրելու գաղափարն ու ինչ օրինակներ են բերված գրքում՝ ելնելով հայ զույգերի փոխհարաբերություններից:
«Համանուն վերնագրով գիրք ստեղծելու միտք, իրականում, չի եղել, բայց հարաբերությունների վերաբերյալ գիրք ներկայացնելը եղել է իմ նպատակներից մեկը, քանի որ իմ հետեւորդները բազմիցս ինձ դիմել են նման խնդրանքով, իսկ ես նրանց երբեք չեմ մերժում (ծիծաղում է): Գիտեմ, որ այդ թեման պահանջված էր, քանի որ իրենք միշտ ինձանից խորհուրդներ են հարցնում փոխհարաբերությունների վերաբերյալ: «Կրկին 7-րդ երկնքում» խորագիրը պատահաբար եկավ մտքիս սեմինարի շրջանակում: Յուրաքանչյուր ընթերցող գրքի շնորհիվ թեկուզ մեկ քայլով կմոտենա իր երազած փոխհարաբերություններին: Եթե, իսկապես, կիրառվեն այն մեթոդները, որոնք ես ընդգրկել եմ գրքում, հաստատ կամրապնդվի զույգերի արդեն ձեռքբերված երջանկությունը»,-համոզված է Մերին: Գրքում հեղինակը խոսում է երեխայի ծնունդից հետո զույգերի հրաբերություններից եւ ձեռք բերված երջանկությունը պահպանելու մեթոդներից.
«Գիրքը մի քանի գլուխ ունի. առաջինում խոսվում է այն մասին, թե ինչն է խանգարում հարաբերությունների ներդաշնակությանը, այսինքն՝ փորձում ենք հասկանալ պատճառներն ու կանխել դրանք: Այնուհետեւ ներկայացվում է վիճելու արվեստը: Չկան կոնֆկիկտազուրկ փոխհարաբերություններ. կոնֆլիկտը ցանկացած հարաբերության մի մասն է կազմում, սակայն այն կարելի է կառուցողական լուծել եւ, նույնիսկ, շահած դուրս գալ:
Նախավերջին հատվածում խոսվում է այն մասին, թե ինչպես կարելի է պահպանել ներդաշնակ փոխհարաբերությունները: Եթե առաջին գլխում հասկանում ենք խոչընդոտները, այս գլխում՝ հակառակը՝ ինչ պետք է անել, ինչով նպաստել, որպեսզի հրաբերությունները միշտ սիրառատ լինեն, որպեսզի երջանկությունն ամրապնդվի: Ինչպես «Մայրիկի օրագրի» դեպքում՝ այս գրքի վերջում էլ ներառված է օրագրային հատված, որտեղ կա 5 հարց. դրանք պատահական չեն, այլ հոգեբան-խորհրդատուների կողմից մշակված հարցեր, որոնց մարդն ամեն օր պատասխանելով՝ որոշակի մտածելակերպ է ձեռք բերում: Ճիշտ հարցերը բերում են ճիշտ պատասխաններ, որոնք մեզ ուղղորդում են ճիշտ քայլերի»:
Իսկ ինչո՞վ են հայկական ընտանիքների կոնֆլիկտները տարբերվում այլ երկրների զույգերի կոնֆլիկտներից: Հեղինակ-բլոգերը անդրադարձել է նաեւ այս հարցին:
«Քանի որ Հայաստանում ընտանիքը շատ կարեւոր տեղ ունի, երբեմն մենք չենք կարողանում մեր մեծ ընտանիքից կտրվել: Զույգերը հաճախ ապրում են ծնողների հետ, հաճախ ունենում են կախվածություն եւ այլն: Այս թեման եւս ներառված է իմ գրքում, թե ինչպես մնալ մեծ ընտանիքի մի մասնիկը, բայց ունենալ սեփական ընտանեկան կանոնները: Երկուստեք պետք է կարողանան կտրվել հայրական օջախից եւ ստեղծել նորը: Կան նաեւ ֆինանսական հարցեր, որոնք վեճի առիթ են հաճախ հանդիսանում ընտանիքում: Հայաստանում սովորաբար ամուսինն է աշխատում, կինը տանն է: Հաճախ կնոջ աշխատանքը թերարժեւորվում է, քանի որ օրվա մեծ մասը տանն է լինում: Բայց իրականում ամեն ինչ գումարով չես կարող չափել: Անդրադառնում եմ նաեւ այն թեմային, թե ինչպես կարգավորել ընտանեկան բյուջեն, որպեսզի հնարավոր լինի խուսափել կոնֆլիկտներից: Կատարելով մի շարք ուսումնասիրություններ՝ եկել եմ այն եզրակացությանը, որ խնդիրները հիմնականում նույնն են՝ անկախ բնակության վայրից ու ազգությունից: Այնուամենայնիվ, փորձել եմ գիրքը գրելիս մեր լոկալ առանձնահատկությունները հաշվի առնել»:
Եվրոպական մի շարք երկրներում կիրառվում է ընտանեկան հոգեբան-խորհրդատուի մոտ այցելությունների մեթոդը: Հայաստանում այս ծառայությունն այնքան էլ զարգացած չէ: Ո՞րն է, սակայն, դրա կարեւորությունը: Մերին անդրադարձավ նաեւ այս հարցին:
«Եվրոպայում էլ ընտանեկան հոգաբան-խորհրդատուին դիմում են այն ժամանակ, երբ ունենում են որոշակի կոնֆլիկտ: Հաճախ, երբ զույգերը վիճում են, պտտվում են նույն բանի շուրջ, կոնֆլիկտն անընդհատ նույնն է լինում, այդ ժամանակ, իսկապես, միջամտություն է պետք: Դա չի նշանակում, որ մարդիկ իրար այլեւս չեն սիրում, պարզապես պետք է ինչ-որ մեկը, որ կարողանա նրանցից յուրաքանչյուրին առանձին լսել եւ հասկանալ՝ ինչ եզրեր կան: Կարծում եմ՝ այս առումով շատ լավ է դիմել ընտանեկան հոգեբան-խորհրդատուին: Գերմանիայում հոգեբան եւ ընտանեկան հոգեբան-խորհրդատու մասնագիտությունները շատ տարբեր են: Վերջինը զուտ լսելու եւ խորհուրդ տալու համար է: Կարծում եմ՝ Հայաստանում լավ կլիներ, եթե այդ ծառայությունը տարածվեր, քանի որ դա կօգներ շատ ընտանիքներ փրկել»: