Երգչուհի Ռիփփին նոր ֆոտոշարք ունի, որտեղ ոճափոխվել է և ներկայացել կարճ սանրվածքով: Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ վարսերը չի կտրել, գլխին կեղծամ է:
«Պրոֆեսիոնալ ֆոտոշարք է, բայց հանպատրաստից: Նույնիսկ առօրյա հագուստով եմ, որը նախընտրեցի չփոխել: Շատ են ասում, որ կարծես «Լեոն» ֆիլմի հերոսուհին լինեմ, բայց ոճս ավելի շատ նմանեցնում եմ 1925-1930-ականների նորաձևության ոճին: Ֆոտոշարքն արվել է փորձնական նպատակով: Շուտով տեսահոլովակների շարք եմ ունենալու, որոնց նմանը Հայաստանում դեռ չի եղել: Առաջին տեսահոլովակում կարճ վարսերով եմ ներկայանալու, բայց ոչ այն կեղծամով, որով ֆոտոշարքում եմ: Տեսահոլովակի նկարահանումները դեռ չենք սկսել: Ակումբային երաժշտություն ենք ներկայացնելու՝ միքսված հայկական էլեմենտներով: Երաժշտությունը փոփին տանող չէ, լրիվ ակումբային է, որակյալ: Միքս մաստերինգն արվում է դրսում, որովհետև այն, ինչ մենք ուզում էինք ստանալ, դրսում ավելի փորձառու մասնագետները կարող են անել»,- պատմեց նա:
Ռիփփիի խոսքով՝ ոճային առումով, առհասարակ, շատ փոփոխական է: «Օրվա առաջին կեսը կարող եմ սպորտային հագուստով ձիարշավարանում սկսել, իսկ երեկոյան օրն ավարտեմ տոնական հագուստով: Վերջերս ամեն ինչ փորձում եմ, ինչը նաև ներքին հոգեվիճակի հետ է կապված: Ինձ հանգիստ, ազատ եմ զգում, յուրաքանչյուր նոր բան ինձ դուր է գալիս: Հիմա փոփոխություններին հեշտ եմ գնում, հարմարվում, բայց նախկինում այդպիսին չէի: Շատ բան է փոխվել, մեծացել եմ, ժամանակի հետ կորուստներ են եղել, հոգիս շուռ է եկել: Վաղ տարիքում հայրիկիս եմ կորցրել, որն ընտանիքիս միակ անդամն էր, նրա հետ էի մեծացել: Հորս կորստից հետո սկսեցի այլ կերպ կազմավորվել, սովորեցի ինքնուրույն ապրել: Այդ ամենի մասին շատ խոսել չեմ ուզում, բայց կյանքս ֆիլմի նման է, փոփոխություններն արագ են լինում»,- ասաց նա:
Ըստ երգչուհու՝ չնայած այդ ամենին, իր բախտը բերել է, որովհետև ընկերները հուսալի, կայացած մարդիկ են, որոնք ճիշտ խորհուրդներ են տալիս: «Հիմա իմ էմոցիոնալ դաշտը խաղաղ է, հանգիստ, բայց բնույթով զգացմունքային ու փոփոխական եմ: Էմոցիոնալ դաշտիս իրավիճակը կախված է տվյալ պահից, կարող եմ ուրախությունից արագ հուզվել, բայց ինձ շրջապատող աշխարհը, հիմնականում, դրական է: Շատ զգացմունքային լինելն իմ մասնագիտության մեջ չի խանգարում, կարողանում եմ գործնականում պահել բալանսը: Հետաքրքիր է, որ գործնական հարցերում շատ պինդ ու ամուր եմ»,- նշեց նա:
Անդրադառնալով մասնագիտական գործունեությանը՝ Ռիփփին ասաց, որ մինչ այս ունեցած դադարը շատ թեթև է անցել: «Փոքրիկ գործեր, քավրներ եմ արել, ուղղակի նոր նախագիծը մեծ է, որը երկար ժամանակահատվածի համար է: Այս պահին՝ առաջին տեսահոլովակի նկարահանումները դեռ չսկսած, նախապատրաստվում ենք հաջորդի նկարահանումներին: Այս ամենն իմ նախաձեռնությունը չէ, առաջարկ եմ ստացել հայ ստեղծագործողներից, առաջին աշխատանքը լսելուց հետո համաձայնեցի: Չնայած այդ փուլում երգը դեռ լիովին պատրաստ չէր՝ արդեն պարզ էր, որ որակյալ աշխատանք է»- պատմեց Ռիփփին:
Հարցին, թե հեռուստատեսային նախագծերում հանդես չգալը առաջարկների բացակայությա՞մբ է պայմանավորված, Ռիփիին պատասխանեց. «Առաջարկներ ունեցել եմ, ուղղակի մերժել եմ, որովհետև սիրային, բաց տեսարաններ կային: Այս պահին այդ տեսակն ինձ հարմար չէ, չեմ ուզում նկարահանվել նման տեսարաններում: Այս պահին հեռուստաընկերություններից մեկում հիթ-շքերթ եմ վարում»: