Starnews-ը արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Թամարա Գևորգյանը ավտովթարի էր ենթարկվել: Մեզ հետ զրույցում դերասանուհին նշել էր, որ հրաշքով է փրկվել.
«Երբ նայում եք լուսանկարներին, պարզ է դառնում, որ հրաշքով եմ փրկվել: Ոտքս շատ լուրջ վնասել եմ, կարելի է ասել՝ 0-ից են հավաքել, գրեթե 20 օր է՝ հիվանդանոցում եմ, սպասում են հերթական վիրահատությանը, դեռ մի քանի վիրահատություն առջևում է: Շատ լուրջ վնասվածք եմ ստացել, մի քանի կոտրվածք այդ թվում՝ արտաքին վնասվածք», –Starnews-ին ասել էր Թամարան:
Թամարան նաև հավելել էր, որ արագ չէր վարել մեքենան.
«Արագ չեմ վարել մեքենան, պարզապես կորցրել եմ կառավարումը, նույնիսկ դեռ հստակ չէ՝ արդյո՞ք մեքենայի խնդիրն էր , թե՝ ոչ: Պարզապես պատահել է, չհասկացա՝ ինչպես եղավ: Արդեն հայտնի է, որ արագ չեմ վարել, ինքս երբեք արագ չեմ ընթանում, նույնիսկ մայրուղու վրա վարել եմ 60-70 կմ/ժ արագությամբ, շրջադարձի ժամանակ խնդիր եղավ, կորցրի մեքենայի կառավարումը»:
Shamshyan.com-ը նոր մանրամասներ է ներկայացրել դերասանուհու մասնակցությամբ վթարից:
Դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում հունիսի 17-ին, Թամարա Գևորգյանի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 57 կմ-ում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով Թամարան ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն։