Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի (Ֆրանկլին Գոնսալես) պաշտպանի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մերժել է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը։
Հիշեցնենք՝ պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի որոշումը՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ։
Պաշտպանը նշեց, որ ծանոթ չեն Վերաքննիչի որոշմանն ամբողջությամբ, այն ստանալուց հետո կորոշեն՝ բողոքարկել, թե չէ։ Այլ հարցերի Պիվազյանը չպատասխանեց՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում։
Հարցին, թե առողջական խնդիրներ ունի՞,ասաց․ «Որոշակի առողջական խնդիրներ ունի։ Ներկայացրել ենք դատարանին։ Դրա հետ կապված չեմ կարող պարզաբանումներ տալ, քանի որ Նարեկ Սարգսյանը չի կողմնորոշվել՝ արդյոք հարկ կա՞ հիվանդությունների հետ կապված հարց բարձրացնել»։
Պաշտպանը նաեւ չպատասխանեց հարցին, թե արդոք իր պաշտպանյալը ստացիոնար բուժման կարիք ունի՞։
Հիշեցնենք` 2018թ.-ի հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
2018թ.-ի հուլիսի 6-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց 2019թ.–ի դեկտեմբերի 21–ին։