Մի տարեց կին երկու դույլ ուներ: Դրանք ամեն օր կախում էր լծակի վրա, դնում ուսերին ու գնում ջուր բերելու: Դույլերից մեկը շատ հին էր, վրան կային ճաքեր, իսկ մյուսի վրա ոչ մի վնասվածք չկար: Գետից դեպի տուն երկար ճանապարհին տարեց կնոջ հին դույլը կիսով
չափ դատարկվում էր: Ու այդպես մի քանի տարի շարունակ կինը տուն էր բերում միայն 1,5 դույլ ջուր: Նոր դույլն ուրախ էր, հպարտ իր կատարած աշխատանքով, իսկ կոտրված դույլը ամաչում էր իր թերությունից ու տխրում, որ կարողանում է միայն կիսով չափ անել այն, ինչի համար նախատեսված է:
Երբ դույլը համոզվեց, որ ինքն անպիտան է, դիմեց կնոջը.
—Ես ամաչում եմ իմ ճաքից, որից ամբողջ ճանապարհին քո լցրած ջուրը թափվում է:
Տարեց կինը ծիծաղեց.
—Արդո՞ք դու նկատել ես, որ ճանապարհի քո կողմում աճում են ծաղիկներ, իսկ մյուս կուժի կողմում՝ ոչ: Ես հատուկ եմ սերմեր ցանել՝ իմանալով քո թերության մասին: Դու ամեն օր ջրում ես բույսերը, երբ մենք գալիս ենք տուն: Արդեն երկու տարի է,
ինչ քո շնորհիվ կարողանում եմ վայելել այդ ծաղիկների գեղեցկությունը, կտրել, բերել տուն, զարդարել սեղանը: Եթե դու չլինեիր այդպիսին, չէր լինի նաև ողջ ծաղկային գեղեցկությունը: Յուրաքանչյուրս ունենք մեր
առանձնահատկություններն ու թերությունները: Սակայն դա չի նշանակում, որ դրանց պատճառով մենք դառնում ենք վատը: Միայն պետք է դիմացինին ընդունել այնպիսին, ինչպիսին որ նա կա իրականում, ու փորձել նրա մեջ տեսնել միայն լավը: