«2013 թվականին դեռ մագիստրատուրայի երկրորդ կուրսում էի, երբ առաջարկ ստացա անցնել պետական ծառայության ՀՀ Նախագահի աշխատակազմում։
Գեորգի Կուտոյանը առաջին վերադասներից էր, ում հետ հնարավորություն եմ ունեցել շփվելու դրսից հեշտ թվցող, իսկ ներսից մեղվի բնից քառակի անգամ բարդ ու ջանք պահանջող այդ աշխատանքային հարաբերություններում, ըստ որում վերադաս ոչ միայն ի պաշտոնե, այլև մասնագիտական առումով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռոբերտ Հայրապետյանը։
Սկսնակ իրավաբանիս համար ցանկացած կետ/գիծ, որը հնարավորություն կտար ինձ կատարելագործվելու ու ինքնիրացվելու՝ կարևոր է։ Իսկ այդ կետ/գծերը դնում էին մարդիկ, որոնցից շատ բան կար սովորելու։
Լավ եմ հիշում, երբ առաջին պատասխանատու գործն անելու հանձնարարականը ստացա՝ դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու վերաբերյալ իրավական ակտի նախագծի մասով և այդ հանձնարարակնը պետք է քննարկվեր նաև Պարոն Կուտոյանի հետ։
Աշխատանքային թղթերս թղթապանակի մեջ դասավորել էի նույն եռանդով ու ոգևորությամբ, ինչ կերպ որ 1997 թվականի սեպտեմբերի 2-ին դասավորել էի պայուսակս՝ երկրորդ անգամ դպրոց գնալու համար։
Կաշկանդված թակեցի Կուտոյանի աշխատասենյակի դուռը և անվստահ քայլերով գնացի առաջ, ու միանգամից աչքերս կլորացան, երբ նա տեղից վեր կացավ, առաջ եկավ ու ձեռքս սեղմելով հրավիրեց նստելու։
Քննարկումը երևի տևեց մի կես ժամ որից հետո Կուտոյանը շնորհակալություն հայտնեց ու ասաց․
«Կարո՞ղ եմ մի խորհուրդ տալ որպես ավագ գործընկեր
Մշտապես հարգանք ունեցեք սեփական ստորագրության նկատմամբ, դա ամենակարևոր բանն է, որ պետք է իրավաբանին»։
Մինչև հիմա Կուտոյանի համեստ ժպիտով տրված խորհուրդը պահպանում եմ ցանկացած վայրում՝ ցանկացած բան ստորագրելիս ու առհասարակ։
Ցավալի կորուստ է․․․ շատերը կորցրեցին հարազատի, հայ ժողովուրդը կորցրեց ազգանպաստ գործունեություն ծավալող պարկեշտ ու օրինապահ քաղաքացու ու պետական գործչի։
Իշխանական քարոզչամեքենան արտահայտվում է բացառապես ստորին էշելոնի՝ սրբություն չունեցող մարդակերպների բերանով։ Պաշտոնական ցավակցություն, խոսք, միտք կամ օացիա դեռ չկա։
Լույս իջնի Ձեր լուսավոր հոգուն պարոն Կուտոյան․․․ Ձեր տեսակի պակասը դեռ սուր կզգացվի»։