Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ․
Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Այսօր ոգեկոչում ենք 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը: Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորստի ցավն այսօր էլ
արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում: Ցավոք, միջազգային և տարածաշրջանային քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանությունը, ընդհանրապես հայկական հարցը ոմանց կողմից շատ հաճախ փորձ է
արվում օգտագործել որպես միջոց տարբեր նպատակների հասնելու համար: Սակայն աշխարհը պետք է գիտակցի, որ Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել, որ ցեղասպանությունն ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, և որ անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում:
Նման ոճրագործություններն ու դրանց հեղինակներին պետք է կոչել իրենց անուններով, դատապարտել հանցագործությունն ու հանցագործին: Այսօր էլ իրադարձություները վերստին փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտություն են մեր տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար:
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց ցեղասպանությունն այլատյացության այն հետևողական քաղաքականության արգասիքն է, որի նորագույն դրսևորումն Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմն էր: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, երբ դեռ ապաքինվում ենք ծանրագույն հարվածից, մեր մեջ պետք է արմատավորվի ուժեղ, մրցունակ, խելամիտ Հայաստան ունենալու ձգտումը: Մենք կարող ենք ու պարտավոր ենք ուղղել մեր մեջքը և ամուր կանգնել սեփական հողին և հավատարիմ մնալ ինքներս մեզ:
Միանշանակ մերժելի են ոտնձգությունները մեր ազգային ու բարոյական արժեքների, մեր ինքնության դեմ: Մենք, որպես միասնական ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին’ առանց նահանջելու մեր հիշողությունից ու արդարացի պահանջներից:
Խոնարհվելով ցեղասպանությանը զոհ գնացած մեր սուրբ նահատակների հիշատակի առաջ, որպես Հանրապետության նախագահ, ցանկանում եմ վստահաբար ասել, որ համայն հայության համատեղ ուժերով հասնելո՛ւ ենք մեր ազգային նպատակների իրականացմանը և Հայաստանը դարձնե՛լու ենք մեր երազանքների երկիրը: Աստված պահապան բոլորիս: