«Առաջ ես միայն քոնն էի, դու՝ միայն իմը: Այժմ մենք 2-ով բոլորինն ենք: Դու դարձել ես հերոս, ես՝ հերոսի աղջիկ: Դու՝ հրեշտակ, իսկ ես՝ քո վկան Երկրի երեսին: Դու՝ հավերժ զինվոր, իսկ ես՝ հավերժ զինվորի սպասող: Դու՝ հայրենիք, իսկ ես՝ հայրենապաշտ:
Մենք չենք բաժանվել իրարից: Դու իմ սրտում ես եւ միշտ կլինես: Մի քանի տարում մի կյանքից առավել ես ինձ նվիրել, իսկ այժմ հենց քո կյանքն ես նվիրել, սակայն ոչ միայն ինձ, այլ ողջ ազգիս: Դու միշտ ասում էիր.
«Շատերին շատ ենք»… Ճիշտ էիր, Շա՜նթս: Այնքան շա՜տ էինք, որ աշխարհը չդիմացավ մեր սիրո չափաբաժնին, եւ գնացիր քո սիրած «Դեպի վերև»-ը, որ մեր երկնային սերը պատի ամբողջ աշխարհին: Չորս տարի ինը ամիս ամեն օր միմյանց ասել ենք «բարի լույս» ու «բարի գիշեր» , իսկ վերջում՝ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԻՐԱՐ ՀԵՏ ՄԻՇՏ: Հավերժ իմ սեր»։ Էլեն Մարտիրոսյան