«Փաստ» օրաթերթը գրում է
Արմանը և Հեղինեն ծանոթացել են 2014 թ.-ին: Արմանը նոր էր բանակից զորացրվել, և 2014 թ.-ից աշխատանքի անցել որպես վարորդ: «Ես Բջնիից եմ, այդ ժամանակ ուսանող էի: Հրազդան-Բջնի երթուղին մեզ ծանոթացրեց: Հենց առաջին հայացքից երկուսս էլ սիրահարվել ենք:
Հետո սկսեցինք շփվել, հանդիպել, երեք տարի թաքուն ընկերություն ենք արել: 2017 թ.-ին ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հեղինեն՝ Արմանի կինը: Շատ եմ սիրում տղաների մասին զրույցների առաջին հարցերն ու պատասխանները, դրանց մեջ անասելի
ջերմություն կա, զրուցակիցներս ժպտում են՝ հիշելով իրենց կյանքի երջանիկ օրերը: Հեղինեի դեպքում էլ բացառություն չէր: Սովորաբար հուզմունքը գագաթնակետին է հասնում զրույցի վերջում: «Որպես հայր` շատ ուշադիր էր մեր աղջկա հանդեպ, նույնն էլ իմ դեպքում:
Բարի էր, առհասարակ բարյացակամ էր, ցանկանում էր, որ բոլորի համար լավ լինի: Ընդհանրապես հիշաչար չէր: Իր ընտանիքի համար անհնարինն էլ կաներ, նպատակասլաց էր: Ամուսնությունից հետո մեկնեց Ռուսաստան, ընդամենը մի քանի ամիս աշխատեց, վերադարձավ Հայաստան,
արդյունքում մեր տունն ունեցանք՝ մեր սեփական անկյունը: Մեկ տարին չէր լրացել, ինչ մեր տունը գնել էինք, ու Արմանը զոհվեց»,-նշում է զրուցակիցս: Արմանը ծնունդով Հրազդան քաղաքից է, սովորել է Հրազդանի թիվ 11 դպրոցում, ստացել միջնակարգ կրթություն։
Դպրոցն ավարտելուց հետո 2011-2013 թթ. ծառայել է զինված ուժերում: Ծառայությունն անցել է Արցախի Հանրապետության ՊԲ-ում՝ Շուշիի հակաօդային զորքերում։ Հրամանատարության կողմից բազմիցս խրախուսվել է պատվոգրերով և կրծքանշաններով։ Արմանը սեպտեմբերի 28-ին է
մեկնել ռազմաճակատ՝ ՄՈԲ-ի կազմում: «Սեպտեմբերի 27-ին ստացավ ծանուցագիրը, հաջորդ օրը մեկնեց: Ինն օր եղել է Մարտունի 2-ում: Հետո տեղափոխվել է Ջրական: Այդ ժամանակ եկել են, որպեսզի զինծառայողներին տեղափոխեն Ջրական, սակայն Արմանն իր ընկերոջ հետ կամավոր մեկնել է:
Այդ ընթացքում պահեստազորայիններին դեռևս չէին տեղափոխում»,-ասում է Հեղինեն: Ողջ ընթացքում Հեղինեն ու Արմանը կապի մեջ են եղել: «Հոկտեմբերի 6-ին զանգահարեց, ասաց, որ տանում են Ջրական, զենքերն են մաքրում, պատրաստվում են: Չասաց, որ կամավոր է գնում: Ես էլ ասացի՝
ո՞ւր ես գնում, մի գնա, պատասխանեց՝ ես չգնամ, բա էլ ո՞վ գնա: Հոկտեմբերի 7-ին առավոտյան ժամը 6-ին զանգահարեց ու ասաց, որ հասել են, ու ամեն ինչ նորմալ է: Ժամը տասին հաղորդագրություն է գրել, որ ամեն ինչ լավ է, ձեզ լավ նայեք: Ու վերջ: Հոկտեմբերի 7-ին զոհվել է Ջրականում»:
Հեղինեի խոսքով, ամուսինը ոտքից վիրավորվել է հոկտեմբերի 7-ին, նրան մարտի դաշտում չեն օգնել: «Ընկերն է օգնություն ցույց տվել, փորձել դուրս բերել մարտադաշտից, սակայն չի կարողացել, քանի որ ամուսինս բարձրահասակ էր, հաղթանդամ, դա անելը բավականին բարդ էր»:
Արմանը վեց ամիս համարվել է անհետ կորած: «2021 թ. ապրիլին ԴՆԹ-ով հաստատվել է նրա ինքնությունը: Մինչ դա բոլորս իրեն էինք փնտրում ամեն հնարավոր տարբերակով, թեժ օրերին մեր հարազատները մեկնել են Արցախ, բայց չէին գտնում»: Եվ միայն վեց ամիս անց Արմանը տուն է «վերադառնում»:
Արմանը և Հեղինեն աղջիկ ունեն: Մարին ծնվել է 2018 թ.-ին, երկուսուկես տարեկան էր, երբ զոհվեց հայրիկը: «Միասին ապրած երեք տարին ինձ համար մի ամբողջ կյանք է: Ես հիմա էլ շարունակում եմ ապրել Արմանի հետ ապրած օրերի ու վայրկյանների մասին հիշողություններով:
Մարիից՝ իմ աղջկանից անսպառ ուժ եմ ստանում: Հաճախ եմ գնում Արմանի մոտ, դա էլ է ինձ ուժ տալիս: Ինձ ուժ է տալիս մեր տունը, որի մեջ երջանիկ օրեր ենք ունեցել: Երբ իր անունն են տալիս, ես այնքան եմ հպարտանում: Այո, ինձ էլ հերոս պետք չէր, շատ կուզեի կողքիս լիներ,
բայց հպարտ եմ, որ իր հայրենիքն ու հողն է պաշտպանել: Մարիս չի գիտակցում հայրիկի չլինելու փաստը, դեռ սպասում է նրան։ Պատերազմ գնալու օրը հարցրեցի Արմանին՝ իսկ եթե հանկարծ մի բան լինի քո հետ, ի՞նչ պետք է ասեմ Մարիին, «կասես, որ պապան պատերազմ է գնացել…»:
Արմանը երազում էր որդի ունենալու մասին։ Պատերազմի օրերին Հեղինեի հետ որոշել էին՝ իրենց որդու անունը Բեկ է լինելու։ Հ. Գ. — Արման Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Հրազդան քաղաքի Վանատուրի պանթեոնում: