«Մարդկանց տրամադրությունները վերջին շրջանում շատ են փոխվել». Լևոն Քոչարյան
News.am-ը գրում է․ Անկախ նրանից, թե այն ժամանակ մարդիկ բարիկադի որ կողմում էին, իհարկե շատ ցավալի են այդ դեպքերը, շատ ցավալի է զոհեր ունենալու հանգամանքը, եւ ես չեմ չափազանցնում, բայց ամենամեծ տուժածներից մեկը, զոհերի հարազատներից հետո, մեր ընտանիքն է, քանի որ այդ ամենը անարդարացիորեն առաջին օրից նպատակաուղղված փորձեցին կապել մեզ հետ, տարիներ շարունակ այդ գիծը տարան:
Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը` ցավակցելով զոհերի հարազատներին:
Նա նշեց, որ «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսին փորձեցին ցույց տալ, թե ինչ մանիպուլյացիաներով, կեղծիքով փորձել են իրենց հետ կապել այս գործը:
«Հույս ունեմ, որ մի օր կբացահայտվի այս ամենը, որովհետեւ այն դատավորությունը, որի ականատեսն ենք լինում, բազմիցս ասվել է, որ կապ չունի զոհերի մահանալու հանգամանքները պարզելու հետ:
Սա քաղաքական պրոցես է, որը կոնկրետ քաղաքական, անձնական նպատակ է հետապնդում՝ ամեն գնով կալանքի տակ պահելու հորս»,- ասաց նա: