Հենրիկը Ասատրյանների ընտանիքի ավագ որդին էր, իրենից 4 տարով փոքր քույր ունի: Հասուն, նպատակասլաց, խաղաղ, հանգիստ, համբերատար, հավասարակշռված, ընկերասեր. այսպես են նկարագրում արցախյան պատերազմում զոհված հերոսի ծնողները իրենց որդուն:
«Հենրիկը բոլորի մեջ կարծես խաղաղության աղավնի լիներ, ամեն հարցին գիտակցաբար էր մոտենում: Ասում էր՝ բռունցքով չեն լուծում հարցերը, խելքով են լուծում, խոսելով: Երբ խոսում էիր հետը, իր տարիքից ավելի հասուն էր երևում, Հենրիկը իրենից մեծերի հետ էր ձգտում շփվել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է գյումրեցի 19-ամյա հերոսի մմայրը Անահիտ Ասատրյանը:
Տիկին Անահիտը ասում է, որ որդին շատ երազանքներ ուներ, բայց հայրենիքի հանդեպ պարտքը տալուց հետո էր դրանք իրականություն դարձնելու:
«Շատ էր ուզում, որ Արցախում ծառայի, ասում էր՝ մամ ջան, ես անպայման պիտի Արցախում ծառայեմ: Ես, ճիշտն ասած, չէի ուզում, որ Արցախում ծառայեր: Ես որդուս հանգիստ եմ բանակ ճանապարհել, ես չէի ուզում, որ երեխես ինձ արցունքով տեսնի, ուզում էի, որ որդիս հանգիստ խղճով ծառայեր:
Վախ զգացել եմ այն ժամանակ, երբ իմացա, որ որդիս Թալիշում պիտի ծառայի, այդ ժամանակ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմը աչքիս առաջից անցավ: Ասացի՝ Հենրիկ, Թալիշ. ասաց՝ մամ, ապրիլյանի Թալիշում եմ:
Որդիս շատ ծանր էր տանում Ռոբերտ Աբաջյանի մահը, ասում էր՝ ափսոս են էդ տղերքը: Ապրիլյան պատերազմի ժամանակ չէր թողնում, որ քույրը հեռուստացույցը միացներ, ասում էր՝ տղերքը մեզ համար զոհվեցին, որ մենք երաժշտություն լսե՞նք:
Հենրիկը սիրում էր կյանքը, ինքն ուզում էր ապրել: Ամբողջ սեպտեմբերի ընթացքում, երբ խոսում էի հետը, ասում էր՝ մամ ջան, բան չմնաց, 20 տարեկանից հետո տես ոնց է կյանքս փոխվելու, անընդհատ շեշտում էր՝ 20 տարեկանի դեռ չհասած։ Ասում էր՝ ուզում եմ 20-ամյակիս տանը լինեմ, ասում էի՝ ոչինչ, բալես, կգաս, 21-ամյակդ կնշենք:
Ասում էր՝ մամ ջան, գիտես՝ ինչ փորձանքներից եմ պրծել, մատաղ կանենք… պլանավորել էինք, որ խնջույք ենք անելու, բայց էսպես եղավ: Սեպտեմբերի 26-ին խոսեցի Հենրիկիս հետ, դա վերջին անգամն էր: Սեպտեմբերի 27-ի իրիկունը պիտի զանգեր, իր դուդուկն էր ուզել, նկարներն էր ուզել… մեզ համար չեկավ 27-ը»,- պատմում է Հենրիկ Ասատրյանի մայրը:
Կրտսեր սերժանտ Հենրիկ Աշոտի Ասատրյանը ծնվել է 2001թ.-ին ապրիլի 20-ին Գյումրիում: Հենրիկը մասնագիտությամբ երաժիշտ էր:
2019 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալ բաժինը: 2019 թվականին վերցնելով տարկետում՝ հուլիսի 11-ին զորակոչվել է բանակ: 6 ամիս Լուսակերտի զորամասում անցնելով ականանետի ուսումնական դասընթացներ՝ ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախի Թալիշի զորամասում:
Գյումրեցի հերոսը մորն ասել է, որ Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բեմում երգելու է «Մայրիկ» երգը, հետո իջնելու է բեմից և մորը ծաղիկներ է նվիրելու: Սեպտեմբերի 27-ին տագնապով բարձրացել է «Սիս» մարտական հենակետ: Հենրիկ Ասատրյանը աննահանջ կռվել է թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների դեմ, զոհվել է սեպտեմբերի 27-ին:
Ասատրյանների ընտանիքին ամիսներ անց է հաջողվել գտնել որդու մարմինը: Որդու մասին տևական ժամանակ լուր չեն ունեցել, հույս են ունեցել, որ որդին կարող է գերեվարված լինել: Հենրիկ Ասատրյանի աճյունը գտնվել է նրա ծննդյան 20-ամյակից օրեր անց: «Հենրիկը ծառայությունից երբեք չէր դժգոհում, ուղղակի վերջին ամիսներին շատ էր կարոտել, ասում էր՝ մամ ջան, գոնե մի 5 օրով տուն գամ, տեսնեմ ձեզ, կարոտս առնեմ:
Պատերազմից տասը օր առաջ երազ տեսա՝ Արցախում պատերազմ էր… արթնացա, շատ վատ զգացի ինձ: Երազիս մեջ տանկեր էին, ինքնաթիռներ ու մեր զինվորների արյունոտ դեմքերը: Պատմեցի երազս, ասացին՝ էս դարում ինչ պատերազմ: Ես երազիս մեջ էդ պատերազմում իմ Հենրիկին էի կորցրել, ես անընդհատ փնտրում էի, փնտրում: Երկար միջանցք էր, ու էդտեղից վերջապես գտա իմ բալին: Ու էդ նեղ միջանցքում միայն Հենրիկը չէր, էլի զինվորներ կային: Մտածում էինք, որ երեխեքին գուցե գերի են պահել, Հենրիկը դեմքիս չնայեց, բայց այտին արցունքի կաթիլ կար: Հետո, երբ մեկնաբանում եմ երազս, հասկանում եմ, որ երկար միջանցքը սառնարաններն էին, որտեղ մեր երեխեքի մարմիններն էին գտնվում:
Մեր ցավը ոչինչ չի կարող սփոփել… ես Հերոս չեմ ուզում, իմ երեխեն կյանքը սիրում էր, պիտի ապրեր: Ասում էր՝ մամ ջան, լավ ծառայեմ, որ զինվորական գրքույկս ինձ շատ է պետք գալու: Հենրիկը ինչ-որ բան զգում էր, ասում էր՝ մամ, ես բախտ չունեմ, ես գնացի բանակ, պատերազմ կլինի: Բանակ գնալու վերջին օրերին ասաց՝ մամ, երգեր եմ թողել, որ մահանամ, կլսես էդ երգերը:
Ինքը շատ ծանր էր տանում, երբ իմանում էր ինչ-որ մեկը մահացել է, ասում էր՝ մեղք են, բայց ինքն ամենամեղքը եղավ»,- շարունակում է հերոսի մայրը: Տիկին Անահիտն ասում է՝ Հենրիկը միշտ թախծոտ երգեր է երգել, Վահան Տերյան է շատ սիրել կարդալ: Ինչ-որ բանից միշտ տխուր է եղել, բայց երբեք չի ասել այդ մասին:
Մայրը երբ ասել է՝ ախր, Հենրիկ ջան, շատ տխուր երգեր ես երգում, ասել է՝ ոչինչ, մամ, ես սիրո երգիչ կլինեմ: Գյումրեցի 19-ամյա հերոսը հայրենիքին մատուցած անձնվեր ծառայության դիմաց հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
galatv.am