Հիշեցնենք, որ Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Արցախում ընտրություններին մասնակցել է 76,471 ընտրող՝ ընտրողների 72,7 տոկոսը:
Արցախում երեկ տեղի ունեցած ընտրությունները 15-րդն էին հանրապետության պատմության մեջ: Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 14 թեկնածու, իսկ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր 10 կուսակցություն ու 2 դաշինք։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
«Արցախի բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովների մեր դիտորդներից ստացված աղյուսակավորումները և մեր հաշվարկները գալիս են վկայելու, որ նախագահի որևիցէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը ու ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ (չեմ խոսում դրա էպիդեմիոլոգիկ հետևանքներից)։
Պետք է նկատել, որ այս թվերը կարող են փոփոխվել վերահաշվարկի ընթացքում, իսկ թեկնածուներից Հարությունյան Արայիկին, մեր հաշվարկով, շատ չնչին քանակությամբ ձայներ են պակասել 50 տոկոս հավաքելու համար։
Տարածքային հանձնաժողովներում դիտորդները մնացել են մինչ վերջին տեղամասի արձանագրության ժամանումը, իսկ ես ժամը 5-ն անց եմ ԿԸՀ-ից դուրս եկել։ Կարող եմ հավաստել, որ պաշտոնական տվյալների ուշացումը օբյեկտիվ է»։