Վերջին օրերին սոցիալական ցանցերում ու լրատվական դաշտում լուրեր են շրջանառվում Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձանց միջև բախումների, Արցախում ներիշխանական լարվածության, քաղաքական ամենատարբեր պառակտիչ գործընթացների, Արցախում
պաշտոնանկությունների ու հրաժարականների վերաբերյալ։ «Արցախպրես»-ը շրջանառվող այս լուրերի շարքում ամենաքննարկվող թեմայի` Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի վերաբերյալ հարցադրում է կատարել Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե
Ավանեսյանին, ով ի պատասխան նշել է, որ Արցախի Հանրապետության համար այս բարդ փուլում Նախագահ Հարությունյանը շարունակում է իրականացնել իր պարտականությունները։ «Հատկապես այս ժամանակաշրջանում ներքին ցանկացած ցնցում Արցախի համար կարող է կործանարար լինել, և
Նախագահն իր լիազորությունների շրջանակներում բացառելու է նման իրավիճակները։ Նախագահը քանիցս հրապարակավ անդրադարձել է իր հրաժարականի թեմային և նրա ասածները մնում են ուժի մեջ, այն է՝ ինքը հրաժարական կտա առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ ստացվի ապահովել բնականոն իշխանափոխությունը և
խուսափել վտանգավոր ցնցումներից: Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի այսպիսի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից»,- ասել է Ավանեսյանը։ Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների հարցին, նա հավաստիացրել է, որ շարունակվում են աշխատանքային հարաբերությունները,
քննարկումներն ու, ըստ կարիքի, բանավեճերը: «Սակայն ինչ ներքին քննարկումներ ու գործընթացներ էլ տեղի ունենան՝ Նախագահ Հարությունյանը համոզված է, որ հայության տարբեր հատվածների միջև պառակտումն ու լարվածության աճն անընդունելի են և վտանգավոր»,- ընդգծել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։