Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին հայտնաբերվել է 20 մարմին, որոնցից 19-ը` զինվորի, 1-ը` քաղաքացիական անձի: Քաղաքացիական անձը տարեց մարդ է եղել, ով դժվար մասնակցած լիներ ռազմական գործողություններին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նա կամ զոհվել է բեկորային վնասվածքից, կամ սպանվել է ադրբեջանցիների կողմից: Տղամարդու աճյունը գտնվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղից: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Մնացած 19 մարմինները հայտնաբերվել են Մեխակավանից (Ջաբրայիլ): Նոյեմբերի 13-ից մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1175 աճյուն: Դիերի և ողջ մնացածների որոնողական աշխատանքներն այսօր ևս շարունակվելու են Մեխակավանի, Հադրութի և Կարմրակուճի ուղղություններով», — հավելել է Թադևոսյանը: